Կարևոր իրադարձություններ

Փրկարար լինելու կարևոր նախապայմանը մարդասեր լինելն է. հրշեջ-փրկարար Մարատ Միրզոյան (տեսանյութ)

13 Սեպտեմբեր, 2024 18:07
Փրկարար լինելու կարևոր նախապայմանը մարդասեր լինելն է. հրշեջ-փրկարար Մարատ Միրզոյան (տեսանյութ)

ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի առաջին օղակի հրամանատար, փ/ծ ավագ Մարատ Միրզոյանը ճանաչվել է 2023 թվականի լավագույն հրշեջ-փրկարար։

Նա այդ կոչմանն արժանացել է նախորդ տարի ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, լավագույն աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության, գրանցված արտակարգ դեպքերին, պատահարներին օպերատիվ արձագանքման ընթացքում դրսևորած բարձր պատրաստականության, ինչպես նաև գործառնական պարտականությունների նկատմամբ ցուցաբերած բարեխիղճ վերաբերմունքի համար։

«Փրկարարի ծառայությունը սկսել եմ 18 տարի առաջ, պատվով ծառայել եմ մինչև այսօր և պատվով կծառայեմ մինչև իմ ծառայության ավարտը»,-ասում է Մարատ Միրզոյանը: Այս աշխատանքում փրկարարի կարևոր սկզբունքներից մեկը պետք է լինի մշտապես սովորելու, կատարելագործվելու ձգտումը։ Պետք է բազմակողմանի զարգացած լինես՝ ցանկացած իրավիճակում արագ և ճիշտ որոշում կայացնելու համար:

«Մարատ Միրզոյանն արժանի էր տարվա լավագույն հրշեջ-փրկարարի կոչմանը: Ես սա ասում եմ որպես նրա հետ 10 տարի աշխատած և նրա ունակություններին ծանոթ մարդ»,-ասում է Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ Գևորգ Մարտինյանը: Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Մհեր Վանեսյանի խոսքով՝ բազմաթիվ են դեպքերը, երբ Մարատ Միրզոյանը մասնակցել է արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքներին, նրա հետ խորհրդակցել են ծառայակից ընկերները: Մարատը 18 տարի է՝ փրկարար ծառայող է։ Այս տարիների ընթացքում գործընկերների հետ արձագանքել է բազմաթիվ արտակարգ իրավիճակների:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացման և որոնողափրկարարական աշխատանքներին, 2023 թվականին Սիրայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և որոնողափրկարարական աշխատանքներին՝ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար արժանացել է բազմաթիվ խրախուսանքների։

«Ես գիտեի, թե Սիրիայի Հանրապետություն ինչի ենք գնում, ինչերի ենք ականատես լինելու: Դեպքի վայրում մեր գործը կատարել ենք շատ հստակ: Կային այլ երկրներից ջոկատներ, որոնք ուզում էին մեզ հետ աշխատել՝ տեսնելով մեր պրոֆեսիոնալ աշխատանքը»,-պատմում է Մարատ Միրզոյանը: Թե որքան մարդկային կյանք է փրկել` Մարատը դժվարանում է ասել, այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիներից առանձնացնում է Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Հիշում է՝ հերթափոխից հետո աղետի գոտուց դուրս բերված տուժածների հարազատները տաք թեյ, սուրճ էին հյուրասիրում՝ ի պատիվ իրենց արած աշխատանքի: Հետո համեստորեն ժպտում ու հավելում է`«Հաճելի էր, ինչ խոսք»: Տարվա լավագույն փրկարարի համար հաճելի է դժվար պահին օգնել դիմացինին: Սա հաճելի ու անշահախնդիր գործ է:

«Փրկարար լինելու կարևոր նախապայմանը մարդասեր լինելն է»,- ասում է Մարատ Միրզոյանը: Աշխատանքի բերումով փրկարարն ընտանիքի հետ հաճախ չի կարողանում ժամանակ անցկացնել: Եղած ժամանակն էլ փորձում է ռացիոնալ օգտագործել: Մարատն ունի երկու որդի, մեկ դուստր։ Ավագ որդին հետաքրքրված է հոր մասնագիտությամբ, և Մարատը կանի ամեն ինչ, որպեսզի որդին մաս կազմի բնակչության պաշտպանության, անվտանգության ապահովման և հասարակական կյանքի բնականոն ընթացքի կազմակերպման գործում։ Մարատն իր ամեն մի օրը սկսում է այն մեծ ցանկությամբ, որ արտակարգ դեպքեր չլինեն, եղած դեպքերն էլ միայն լավ ելք ունենան: Սա բոլոր փրկարարների ցանկությունն է։ ՆԳՆ Փրկարար ծառայության յուրաքանչյուր աշխատակից կոչված է ծառայելու մեր երկրին ու մեր ժողովրդին։ Սա է Փրկարար ծառայության աշխատանքի հաջողության գրավականը։

 

Լրահոս

Դիտել ավելին