Կարևոր իրադարձություններ

Գործարկվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության rescue.mia.gov.am կայքը

04 Սեպտեմբեր, 2024 16:11
Գործարկվել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության rescue.mia.gov.am կայքը

Գործարկվել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության պաշտոնական նոր կայքը՝ rescue.mia.gov.am-ը: Այն Հայաստանում առաջին պետական կայքն է, որի տեղեկատվությունը գտնվում է ամպային տիրույթում:

Կայքի ստեղծման հիմքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովումն ու հանրության հետ արդյունավետ հետադարձ կապի ստեղծումն է։

Ժամանակակից մոտեցումներով եռալեզու կայքը համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, արագագործ է և ծավալուն՝ ընդլայնման հնարավորությամբ:

Փրկարար ծառայության կայքի ստեղծման հիմքում տեղեկատվության հասանելիության սկզբունքն է. տեղեկատվության խմբավորումն իրականացվել է ըստ առաջնահերթությունների: Արդյունքում կայքը դարձել է պարզ ու մատչելի, պահպանվել է ժամանակակից աշխարհում ընդունված երեք քլիքի սկզբունքը, ինչը ենթադրում է, որ այցելուն մուտք գործելով՝ անհրաժեշտ տեղեկատվությունը կարող է գտնել առավելագույնը երեք քլիքի օգնությամբ:

Կարևոր նորամուծություն է ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը հասանելի է նաև հաշմանդամություն ունեցող անձանց։

Տեխնիկական լուծումների շնորհիվ կայքը հնարավոր է հասանելի դարձնել որոնման տարբեր համակարգերով, տարբեր երկրներից, ինչպես նաև հնարավորինս հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։

rescue.mia.gov.am-ն իր պարզությամբ և արագությամբ համահունչ է Փրկարար ծառայության օպերատիվ գործառույթներին։

 

Լրահոս

Դիտել ավելին