Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նախարարի տեղակալը ԿԳՄՍ նախարարության անունից շնորհավորել է աշակերտներին և մանկավարժներին՝ ևս մեկ անգամ արժևորելով կրթության և գիտելիքի դերը. «ՀՀ կառավարության կողմից այսօր կրթության բոլոր մակարդակներում իրականացվում են բարեփոխումներ, որոնք վերաբերում են ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ բովանդակային հարցերի: Այս տարի ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 7 դասարաններում՝ 2–րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ, կրթությունը կազմակերպվելու է հանրակրթության պետական նոր չափորոշչով, շարունակվելու են իրականացվել ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների կառավարման նոր մոդելի ներդրման, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ծրագրեր: Մենք ակնկալում ենք, որ դուք՝ սիրելի՛ աշակերտներ, լինեք կրթական գործընթացի ակտիվ մասնակիցներ և սովորեք ամենակարևոր կարողունակությունը, այն է՝ սովորել սովորելու կարողունակությունը: Կյանքի բոլոր փուլերում պետք է ինքնակրթվել՝ առնվազն աշխատաշուկայում մրցունակ լինելու, 21-րդ դարի հմտությունների փաթեթին տիրապետելու համար: Վստահ եմ, որ շատ գիտելիքներ ստանալու եք հենց այս դպրոցում, բայց նաև իմացեք, որ կրթության գործընթացը երբեք չի դադարում և շարունակվում է կյանքի բոլոր փուլերում»:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև այն արժեքները և դիրքորոշումները, որոնք ներառված են նոր չափորոշչի շրջանակում՝ հույս հայտնելով, որ որպես ակտիվ քաղաքացիներ՝ աշակերտները դրանք կգործադրեն իրենց առօրյա կյանքում, իսկ ուսուցիչները՝ ամենօրյա աշխատանքում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժներին սրտացավ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ 119 ավագ դպրոցում բարձր մակարդակով ուսուցանվում են օտար լեզուներ, մասնավորապես՝ դպրոցը ֆրանսերենի և գերմաներենի ուսուցման առումով առաջանցիկ հաջողություններ ունի:
Նոր ուսումնական տարում Արթուր Մարտիրոսյանն աշակերտներին մաղթել է բարի երթ և բազում հաջողություններ. «Առաջնորդվեք այն գիտակցմամբ, որ կրթական երկար ճանապարհին պետք է անընդհատ կրթվել և ինքնակրթվել»:
Աշակերտներին և մանկավարժներին շնորհավորել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին. «Մենք բարեկամական սերտ հարաբերություններ ունենք 119 դպրոցի հետ, և մեզ համար կարևոր է երկուստեք կապերի ամրապնդումը, որ կարող է արդյունավետ լինել մշակույթի և կրթության ոլորտների համագործակցության, ուսուցիչների վերապատրաստման, փոխայցելությունների և շրջանավարտների հետ կապերի պահպանման առումներով: Դուք նաև կամուրջ եք Ֆրանսիայի և Հայաստանի միջև»:
Նշենք, որ այս ուսումնական տարում դպրոցն ունի 14 10-րդ դասարան, որտեղ սովորելու է շուրջ 273 աշակերտ: Ընդհանուր առմամբ՝ դպրոց հաճախում է 878 աշակերտ, սակայն ընդունելությունը դպրոցում շարունակվում է: