«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը բացման խոսքով է հանդես եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկմանը` նվիրված ընտրական ոլորտի և կուսակցությունների գործունեությանը վերաբերող իրավախախտումներին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև IFES հաստատության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն։ Տիգրան Դադունցը կարևորել է օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների իրականացումը և նշել, որ երկար տարիներ շարունակ մշակվող օրենսգիրքն ակնկալվում է առաջիկայում ներկայացնել Կառավարության քննարկմանը և հույս հայտնել, որ շուտով այն փոխարինելու կգա խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած 1985թ. օրենսգրքին:
Անցում կատարելով բուն օրակարգային թեմաների քննարկմանը Պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, փորձագետ Թամարա Շաքարյանը ներկայացրել է օրենսգրքի նախագծի մշակման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հայեցակարգային ուղղությունները՝ նշելով, որ փաթեթով կատարվում են հետևյալ հիմնական բարեփոխումները.
սահմանվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթներ,
սահմանվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ,
ներմուծվում են վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի բնականոն ընթացքն ապահովող և անձանց իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական ինստիտուտներ,
վերանայվում են ոլորտային օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններում բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները և այլն:
Տիգրան Դադունցը և հիմնադրամի իրավաբան-փորձագետ Մարիետտա Մնացականյանը քննարկման մասնակիցներին են ներկայացրել Ընտրական գործընթացներին առնչվող և կուսակցությունների ֆինանսավորմանը և հանրային ռեսուրսի չարաշահմանն առնչվող վարչական իրավախախտումները։
Այնուհետև քննարկման մասնակիցները հնչեցրել են իրենց հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները, տեղի է ունեցել ակտիվ քննարկում և նախանշվել են փաթեթի հետագա բարեփոխման ուղղությունները: Հանդիպման ավարտին մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները օրենսդրական բարեփոխումների շուրջ:
Քննարկումը կազմակերպվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի համատեղ ջանքերով։
Քննարկմանը մասնակցել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Քննչական կոմիտեի և այլ շահագրգիռ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։