«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովին է միացել «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, հանրային առողջության փորձագետ Չելսի Քլինթոնը: Դոկտոր Քլինթոնը հայտնի է մարդկանց կյանքը բարելավելու իր ջանքերով, ինչը ոգեշնչում է ապագա առաջնորդներին ամբողջ աշխարհում ու նպաստում կարեւոր հարցերի, այդ թվում՝ առողջապահական հավասարության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և գործնական քայլեր ձեռնարկելուն:
«Ավրորա» մրցանակը (1 միլիոն ԱՄՆ դոլար) շնորհվում է այն անհատներին, որոնք վտանգում են սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետևանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ այդ միջոցներն ուղղելով համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին:
«Ուրախ ենք ողջունելու Չելսի Քլինթոնին «Ավրորա» համայնքում: Հաշվի առնելով սոցիալական փոփոխություններին նվիրված երկարամյա ջանքերը՝ նա կատարյալ համալրում է Ընտրող հանձնաժողովում, և ես անհամբեր սպասում եմ մեր համատեղ աշխատանքին՝ լույս սփռելու մարդասեր գործիչների վրա, որոնք վտանգում են սեփական կյանքն՝ օգնելու դժվարին իրավիճակում գտնվողներին»,- ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ և Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: «Չելսին իր հետ բերում է թարմություն և մեծ փորձառություն, որն, անկասկած, կհարստացնի մեր քննարկումները և կապահովի տեսակետների լայն շրջանակ ընտրական գործընթացում»:
Երկար տարիներ լինելով հանրային առողջության փորձագետ՝ դոկտոր Քլինթոնը նաև «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության (Clinton Health Access Initiative) փոխնախագահն է: Հիմնադրամում աշխատելուց բացի, Քլինթոնը դասավանդում է Կոլումբիայի համալսարանի Մեյլմենի անվան հանրային առողջության դպրոցում: Նա նաեւ մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույն տարածում գտած «She Persisted» (Նա հաստատակամ էր) շարքի: Նա պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի հետ համահեղինակել է «Գիրք համարձակ կանանց և տատիկի այգիների մասին» գործը, իսկ Դեւի Շրիդհարի հետ՝ «Գլոբալ առողջապահության կառավարում. ո՞վ է ղեկավարում աշխարհը և ինչո՞ւ» գիրքը:
«Մենք բոլորս մեր դերն ունենք համաշխարհային մեծագույն մարտահրավերներին դիմակայելու գործում»,- նշեց «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ Չելսի Քլինթոնը: «Ինձ համար պատիվ է միանալ 2024 թ. «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին և շարունակել մեր համագործակցությունը «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) միջոցով՝ աջակցելու մարդասիրության ոլորտի առաջնորդներին, որոնք մեծապես փոխում են աշխարհը»:
2024 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների՝ «Ավրորայի» հերոսների անունները հայտարարվել էին 2023 թ. սեպտեմբերի 18-ին՝ Նյու Յորք քաղաքում տեղի ունեցած «Քլինթոն» համաշխարհային նախաձեռնության (CGI) ամենամյա միջոցառման ընթացքում: Ութերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը շնորհվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գործող իրավապաշտպան, աշխարհում հայտնի գինեկոլոգ Դենիս Մուկվեգեին 2024 թ. մայիսի 9-ին: Բժիշկ Մուկվեգեն Կոնգոյի «Փանզի» հիվանդանոցի եւ հիմնադրամի նախագահն է, որը հիմնադրել է 1999 թվականին՝ մայրական առողջության և մայրական մահացության համակարգային խնդիրը լուծելու նպատակով: Շարունակվող հակամարտության և պատերազմից բխող առողջապահական կարիքների պայմաններում՝ հիվանդանոցը դարձել է հակամարտությունների ժամանակ սեռական բռնության ենթարկվածների բուժման առաջատար կենտրոններից մեկն աշխարհում:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնության գլխավոր նախագիծը՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, բացահայտում է և աջակցում մերօրյա հերոսներին, որոնք շոշափելի դրական փոփոխություն են իրականացնում խոցելի եւ ամենակարիքավոր համայնքներում: Մինչեւ հիմա «Ավրորան» արդեն նախաձեռնել է և աջակցել 430 նախագծի 56 երկրում և տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.4 միլիոն մարդու կյանքի վրա: