«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2007 թ.-ի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման մեջ: Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածը կարգավորում է աշխատաժամանակի ռեժիմը, որի 7-րդ մասը նախատեսում է, որ առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են N 201-Ն որոշմամբ: Առողջապահական բնագավառի աշխատողների համար, կախված նրանց զբաղեցրած պաշտոնից և (կամ) մասնագիտությունից, սահմանվում է աշխատաժամանակի նորմալ առավելագույն տևողությունը՝ 24, 30, 33 և 36 ժամ։
Նշվում է, որ, օրինակ՝ քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմինների աշխատաժամանակի սահմանափակումը անդրադառնում է վերջինների կողմից սպասարկման ենթակա քաղաքացիների քանակի վրա, հետևաբար դրա վերացումը կնպաստի ավելի մեծ քանակությամբ քաղաքացիների սպասարկման, հերթերի ու դժգոհությունների կրճատմանը։ 2027 թ.-ի հունվարի 1-ից նաև ուժը կորցրած է ճանաչվելու որոշման ցանկ 1-ի «X» կետը, ինչը պայմանավորված է Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի աշխատանքների բարելավման ռազմավարական մոտեցումների հետ, որի շրջանակներում նախատեսվում է սահմանել ԱԱՊ օղակի առանցքային դերակատարումը ապահովագրական համակարգում, սա ենթադրում է քաղաքացիների այցելությունների ավելացում, և, հետևաբար, այդ պայմաններում անհրաժեշտություն է առաջանալու աշխատաժամանակի վերանայման։
Նախագծի ընդունման նպատակն է` պահպանելով բուժաշխատողների վարձատրության չափը` համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատաժամանակը բժշկական ծառայությունների պահանջարկին, ինչպես նաև համապատասխանեցնել բուժաշխատողների աշխատանքի ռեժիմի գործող կարգավորումները ներկա ժամանակի պահանջներին՝ հաշվի առնելով բնագավառում տեղի ունեցած գիտատեխնիկական նվաճումները»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: