Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը

02 Մայիս, 2024 22:18
ԱԺ-ում քննարկվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը

2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական:

2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1  քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նպատակով ստեղծված նախաձեռնող խմբի կողմից հավաքված ստորագրությունների վավերականությունը:

Այս մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թվականների գործունեության մասին հաղորդումը:

2022 թվականի մարտի 27-ին Վեդի համայնքում կայացել է ավագանու արտահերթ ընտրություն, իսկ 18 համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ՝ սեպտեմբերին: Նշված համայնքներում ընտրությունների արդյունքների բողոքարկում դատական կարգով  չի եղել:

Վահագն Հովակիմյանն անդրադարձել է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար ԿԸՀ-ի կազմակերպած դասընթացներին եւ ստուգարքներին, նշել, որ դրանց մասնակցելու համար հայտ է ներկայացրել 3577 քաղաքացի, որոնցից 1686-ը՝ կուսակցությունների, իսկ 1891-ը՝ անհատ քաղաքացիների կողմից: Դասընթացներին մասնակցել է 2633 հայտատու, որոնցից 2378-ին ստուգարքների արդյունքում շնորհվել են  որակավորման վկայականներ:

2023 թվականին ՏԻՄ ընտրություններ են կայացել երկրի 4 համայնքներում: Դատական կարգով ընտրությունների արդյունքների բողոքարկում եղել է միայն Սիսիան համայնքի ընտրությունների կապակցությամբ, սակայն դատարանը դիմումը մերժել է:

Զեկուցողը ներկայացրել է նաեւ ԿԸՀ իրականացրած աշխատանքները՝ միտված ընտրությունների թափանցիկության, հրապարակայնության ու մատչելիության  ապահովմանը:

Զեկուցողի խոսքով 2022 թվականի դեկտեմբերի 17-ին ավարտվում էր ՀՀ-ում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունների ժամկետը եւ կազմավորվել են նոր հանձնաժողովները: 266 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար դիմել էր 539 մարդ: Կազմակերպվել են մասնագիտական  դասընթացներ:

Խոսելով Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունների մասին՝ ԿԸՀ նախագահը նշել է, որ այս ընտրության դեպքում եւս դատական կարգով քվեարկության  արդյունքների բողոքարկման դիմում չի ստացվել: Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելու համար առաջադրվել էր 13 կուսակցություն եւ 1 կուսակցությունների դաշինք, որոնք գրանցվել են:

Վահագն Հովակիմյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ քվեարկություններին մասնակցելու մատչելիության հարցով: Նա, մասնավորապես, ասել է, որ ԿԸՀ կայքում հրապարակվում են  մատչելի ընտրատեղամասերը, եւ ինքը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ փորձել է օգտվել այդ իրավունքից՝ ներկայացնելով համապատասխան դիմումը: Արդյունքը եղել է այն, որ  ստիպված է եղել 3 անգամ այցելել անձնագրային բաժանմունք, որպեսզի կարողանա 1 անգամ մասնակցել ընտրությանը:

«Ես ուզում եմ իմանալ՝ ընտրություններից հետո վերլուծություններ, ուսումնասիրություններ արվե՞լ են, եւ արդյոք նախանշվե՞լ են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են այս մեխանիզմները բարելավելու համար»,- հարցրել է նա:

Վահագն Հովակիմյանը պարզաբանել է, որ 2023 թվականի տարեսկզբից մատչելի տեղամասերի ցանկը տեղադրված է ԿԸՀ կայքում, եւ բոլոր տեղամասերը գնահատում են իրենց մատչելիությունը: Օրինակ՝ Երեւանի 475 տեղամասերից մատչելի է եղել 183-ը: Նա հայտնել է, որ  անձնագրային բաժանմունքներում առաջացած  խնդիրը պայմանավորված է եղել աշխատակիցների՝ բավարար չափով իրազեկված չլինելու հանգամանքով:

«Հուսով եմ, որ այդ դեպքից հետո անձնագրայինն իր աշխատակիցներին նոր օրենսդրական փոփոխությունների մասին կիրազեկի եւ խնդիր չի առաջանա»,- ասել է Վահագն Հովակիմյանը:

Մտքերի  փոխանակության ընթացքում ընդդիմադիր եւ կառավարող խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են ԿԸՀ նախագահի քաղաքական չեզոքության ու անկախության հարցին, ԿԸՀ նախագահի՝ ԿԸՀ նախագահ ընտրվելու օրինականությանը, ընտրողների իրավունքներին, ժողովրդավարական ու թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւորությանը, նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներին, ընտրական գործընթացի բարելավման նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների, ինչպես նաեւ  վստահված անձանց համար իրականացվող դասընթացներին, ՏԻՄ ընտրությունների տեսանկարահանմանն ու հեռարձակմանը, ԿԸՀ կայքի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց  եւ այլն:

Եզրափակիչ ելույթում Վահագն Հովակիմյանն անդրադարձել է հնչած դիտարկումներին, տվել պարզաբանումներ:

«Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ հաղորդումն ընդունվել է ի գիտություն:

 
 

Լրահոս

Դիտել ավելին