Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

02 Մայիս, 2024 13:11
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթին

Մայիսի 5-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծերի փաթեթի ընդունման հիմքում դրված են Կառավարության ծրագրով նախանշված հետևյալ նպատակները.

շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգի (ԱԱՀ-ի համակարգի) շրջանակներում ձևավորվող հարկային բեռերի տարբերության կրճատում,

շրջանառության հարկ վճարողների ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթանների ձևավորում, գործարքների փաստաթղթավորման մշակույթի ամրապնդում,

գործունեության որոշ տեսակների դուրս բերում միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից՝ դրանով իսկ այդ համակարգերը դարձնելով ավելի հասցեական:

Շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացման և փաստաթղթավորման խթանների վերաբերյալառաջարկվում է՝

գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել (հիմնականում՝ կրկնակի չափով) շրջանառության հարկի՝ ներկայումս գործող դրույքաչափերը,

ընդլայնել փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորությունների շրջանակը՝ այն նախատեսելով նաև արտադրության և ծառայությունների ոլորտների համար (ներկայումս այդ հնարավորությունն առկա է միայն առևտրի և հանրային սննդի կազմակերպման ոլորտների համար),

հնարավորություն ստեղծել, որպեսզի ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական (արդյունավետ) դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափերն են:

Գործունեության տեսակների վերաբերյալ առաջարկվում է սահմանել, որ 2025թ. հունվարի 1-ից՝

փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում (պետք է տեղափոխվեն ԱԱՀ-ի համակարգ),

հետևյալ գործունեության տեսակները չեն կարող իրականացվել միկրոձեռնարկատիրության համակարգում (պետք է տեղափոխվեն շրջանառության հարկի կամ ԱԱՀ-ի համակարգ).

մարզերում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը,

վարսավիրական, մարմնի խնամքի ծառայությունների մատուցումը,

սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների կազմակերպման գործունեությունը,

ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայությունների մատուցումը,

միջնորդական այդ թվում՝ անշարժ գույքի առքուվաճառքի և կամ վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման տրամադրման գործունեությունը,

ծրագրային ապահովման մշակման գործունեությունը,

փորձաքննական ծառայությունների մատուցումը,

շինարարական աշխատանքների կատարումը, ճարտարապետական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացումը, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեության իրականացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին