Կարևոր իրադարձություններ

Ինչու Երևանի քաղաքապետարանն ու «ՌԻԴ»-ն այդպես էլ «լեզու չգտան» Մանկական երկաթուղու վերակառուցման շուրջ

19 Ապրիլ, 2024 11:24
Ինչու Երևանի քաղաքապետարանն ու «ՌԻԴ»-ն այդպես էլ «լեզու չգտան» Մանկական երկաթուղու վերակառուցման շուրջ

Նախորդ շաբաթ «ՌԻԴ» ընկերությունը հայտարարել էր Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու որոշման մասին` ափսոսանք հայտնելով, որ չնայած իրենց նվիրվածությանն ու ջանքերին, ներկայացված բազմաթիվ նախագծերին` անցած 5 տարվա ընթացքում տեղական իշխանություններից այդպես էլ չեն կարողացել ստանալ անհրաժեշտ հավանությունը:

Քանի որ համաձայնության չեն եկել ու չեն կարողացել սկսել Մանկական երկաթուղու վերակառուցման գործընթացը, «ՌԻԴ» ընկերությունը վերադարձրել է ձեռք բերված 60% բաժնետոմսերը: Վերոնշյալ ընկերությունը, սակայն, չի մանրամասրել` որ հարցերում և ինչու չեն կարողացել «լեզու գտնել» քաղաքային իշխանության հետ:

Իսկ թե ինչու այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության գալ և հավանություն տալ «ՌԻԴ»֊ի նախագծերին, Shabat.am-ը փորձել է պարզել Երևանի քաղաքապետարանից:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան` Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի նոյեմբերի 7-ին իրենց է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում «Մանկական Երկաթուղի» այգու արդիականացման և ընդլայնման ներդրումային ծրագրին հավանություն տալու և ծրագիրն իրականացնելու նպատակով «Ռիդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը քննարկվել է աշխատակազմի բնապահպանության վարչությունում։

Ըստ աշխատակազմի բնապահպանության վարչության դիրքորոշման՝ Հրազդանի կիրճն ունի կարևոր բնապահպանական նշանակություն՝ իր ուրույն կենսաբազմազանությամբ (այդ թվում կիրճում հանդիպող բույսերի և կենդանիների կարմիրգրքյան տեսակներով), երկրաբանական, բնական և պատմամշակութային հուշարձաններով, ինչպես նաև իր ուրույն լանդշաֆտով ենթակա է պահպանման՝ համաձայն լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի:

«Հաշվի առնելով այս ամենը՝ Երևանի քաղաքապետարանը Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ տրամադրելու գործընթաց է սկսել։ Ներկայումս մասնագիտական կազմակերպության կողմից իրականացվում են նախատեսվող ԲՀՊՏ սահմանների որոշման, իրավունքների, կենսաբազմազանության գույքագրման և քարտեզագրման աշխատանքները, որի ավարտը սահմանված է 2024 թվականի նոյեմբերին»,-ասվում է քաղաքապետարանի պատասխանում։

Հարցին, թե ինչ է սպասում երկաթուղուն և այլ ծրագրերով նախատեսվում է տարածքի բարեկարգում, քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այդ աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի իրականացնել Հրազդանի կիրճի տարածքի գոտիավորում և անդրադառնալ նմանատիպ ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Իսկ թե ում է պատկանում բաժնետոմսերի մնացած 40 %-ը, քաղաքապետարանից այդ հարցին չեն անդրադարձել:

Մինչ հարցման պատասխանը ստանալը, Մանկական երկաթուղու թեմային անդրադարձել են նաև Երևանի ավագանու անցնող շաբաթվա նիստում, որտեղ ինչպես քաղաքապետ Տիգրան Ավինյանն է նշել, երկաթուղու վարձակալները սկզբից առաջարկել էին շատ խոշոր ներդրումային ծրագիր խոշոր հյուրանոցային համալիրով, որը մերժվել էր: Հետո նրանք առաջարկել էին մի փոքր ավելի համեստ հյուրանոցային համալիր:

«Բանակցությունների ընթացքում արձանագրել էինք, որ ճոպանուղի կկառուցվի դեպի Աջափնյակի նոր կառուցվող կայարան, և այդ համաձայնությունը ֆիքսել էինք Կառավարության որոշման նախագծով, բայց քանի որ ավելի կարևոր առաջնահերթություն ունեինք, նույնիսկ այդ նախագիծը այն տրամաբանության մեջ որով որ մենք շարժվում ենք կիրճին նոր կարգավիճակ տալու առումով,  չէր համապատասխանում»,-ասել է Ավինյանը:

 

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին