Կարևոր իրադարձություններ

ԲՏՃՄ ուղղություններով կրթությունը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է. Արաքսիա Սվաջյան

24 Փետրվար, 2024 00:31
ԲՏՃՄ ուղղություններով կրթությունը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է. Արաքսիա Սվաջյան

ԲՏՃՄ ուղղություններով կրթությունը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է․ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 5-րդ տարվա աշխատանքների մեկնարկին նվիրված միջոցառմանը

Հայաստանի ամերիկյան համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ 2019 թվականից իրականացնում է միջին և ավագ դպրոցներում «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)» կրթության բարելավման ծրագիր, որն առավել հայտնի է «ԳիտՍԵՐունդ» անվամբ։ Ծրագրի նպատակն է ԲՏՃՄ առարկաներն աշակերտների համար դարձնել հետաքրքիր և հաղթահարելի՝ այդպիսով մեծացնելով այդ ոլորտներում մասնագիտանալ ցանկացողների թիվը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նախ անդրադարձել է Համաշխարհային բանկի կողմից հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքներին․ «Մարզի կրթության որակի փոփոխության վերաբերյալ իրականացված հետազոտությունն ուղղված էր հենց ԲՏՃՄ ուղղությանը, և տվյալները չափազանց ոգևորիչ էին։ Այն պատկերը, որ ունենք մարդկային կապիտալով գնահատման արդյունքում մեր երկրի հանրակրթական դպրոցների արդյունավետության առումով, այնքան էլ լավը չէ։ 12 տարվա դպրոցական կրթության ընթացքում մենք երեխաներին 8 տարվա գիտելիք, հմտություն և կարողություն ենք տալիս՝ համաձայն ուսումնասիրությունների։ Մնացած տարիներն այնքան էլ արդյունավետ չեն անցնում։ ՀԲ-ի կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ հանրակրթության չափորոշչի բարեփոխման շնորհիվ կրթական արդյունքը կամ կրթության որակը ավելացել է առնվազն վեց ամսով։ Մեր միջազգային գործընկերների դիտարկմամբ՝ սա աննախադեպ արդյունք է։ Սա, իհարկե, շատ ոգևորիչ է, բայց նաև շատ պարտավորեցնող։ Բոլոր այն ջանքերը, որ դրվել էին Տավուշի մարզում կրթության որակի փոփոխության նպատակով, պետք է այժմ ուղղվեն հանրապետության բոլոր դպրոցների զարգացմանը»։

Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ ԲՏՃՄ ուղղություններով կրթությունը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, և ՀՀ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված վերջինիս որակական փոփոխությանը՝ թե՛ ուսուցիչների մասնագիտական զարգացման ու խրախուսման, թե՛ ենթակառուցվածքների ստեղծման և բարելավման նպատակով։

«ԳիտՍԵՐունդի» իրականացրած ծրագիրն այն կարևոր հենասյուներից է, որը մեզ հույս է տալիս. իսկապես կարողանալու ենք այս ոլորտում բերել այնպիսի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն մեր ցանկալի արդյունքին։ Չենք կարող խոսել STEM կրթության մասին՝ առանց դպրոցների համապատասխան ենթակառուցվածքների, լաբորատորիաների առկայության»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը և տեղեկացրել՝ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր դպրոցներն ունենալու են լաբորատորիաներ՝ հագեցած անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։

Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործընկերներին՝ հաջողված նախաձեռնության և շարունակական ջանքերի համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ, ռեկտորի պաշտոնակատար Բրյուս Պողոսյանը։ Նրա խոսքով՝ ծրագիրը 2019 թվականին մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների բուհական ծրագրերի հավակնություն ունեցող ուսանողների թիվը բարձրացնելու նպատակով․ «Ծրագիրը կոչված էր բարելավելու ԲՏՃՄ առարկաների դասավանդման որակը՝ ակտիվ ուսուցման մեթոդների ներդրմամբ, և օժանդակելու Հայաստանի տարբեր մարզերում դասավանդող ուսուցիչներին` մշակել ուսումնական նյութեր իրենց և մյուս մանկավարժների համար։ 2023 թվականին մեր հիմնական առաջնահերթությունն էր աշխատել ՀՀ կառավարության շահագրգիռ կողմերի, այդ թվում` ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի և ՀՊՄՀ-ի հետ։ Միասին աշխատել ենք ինտեգրել ծրագրի կողմից մշակված գործիքներն ու համակարգերը Կառավարության այն գործընթացներին, որոնք իրականացվում են այս կառույցների կողմից»։

Նշենք՝ 2023-24 ուսումնական տարում «ԳիտՍԵՐունդ» կրթական նյութերը և ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում են 11 մենթոր և վերապատրաստման կենտրոն հանդիսացող դպրոցներում, որտեղ ուսուցիչները 6 ամսվա ընթացքում ոչ միայն կկիրառեն և կբարելավեն «ԳիտՍԵՐունդ» դասի սցենարները, այլև մասնակցելով աշխատարաններին՝ կկարողանան ներգրավվել կրթական ռեսուրսների համաստեղծման գործընթացին։

Այս տարի ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել լաբորատոր և գործնական աշխատանքների, ինչպես նաև ուսումնական նախագծային աշխատանքների մանրամասն ուղղորդիչ կրթական և գնահատման նյութեր։ Առանձնահատուկ է, որ այս տարվա աշխատանքներում «ԳիտՍԵՐունդը» հրավիրում է մասնակցելու ինչպես գիտական, այնպես էլ գործարար համայնքների ներկայացուցիչներին:

Տեղեկացնենք նաև՝ «Հետազոտող ԳիտՍԵՐունդ» միջոցառմանը նախորդել է 11 դպրոցների աշակերտների կողմից շուրջ 40 նախագծային գաղափարների ցուցահանդես/գնահատումը։ Նախագծային գաղափարները մշակվել են՝ օգտվելով ստարտափների առաջխաղացման գործիքներից, ինչը հնարավորություն է տվել սովորողներին և ուսուցիչներին առավել մանրամասն մտածել գաղափարի իրական արժեքի և դրանով լուծվող իրական խնդրի և դրա լսարանի մասին՝ էապես ընդլայնելով գաղափարը և դուրս բերելով այն միայն ուսումնական նպատակների շրջանակից, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների մոտ։

 

Լրահոս

Դիտել ավելին