Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը մասնակցել է «Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը (տեսանյութ, լուսանկարներ)

07 Փետրվար, 2024 22:01
Միրզոյանը մասնակցել է «Կլինգենդայլ» ինստիտուտում կայացած քննարկմանը (տեսանյութ, լուսանկարներ)

Փետրվարի 7-ին Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ և լրագրող-վերլուծաբաններ։

Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու և առավելապաշտական նկրտումները:

Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման և Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որևէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար և բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի և Արևելքը Արևմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաև որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք:

Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերի: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը՝ նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրացիոն կառույցի հետ ՀՀ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա, ներառում են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների զարգացումը:

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին:

 

Լրահոս

Դիտել ավելին