Կարևոր իրադարձություններ

Դպրոցներում անցկացվող միջոցառումները իրավագիտակից հասարակություն ձևավորելու երաշխիք են (տեսանյութ)

03 Փետրվար, 2024 15:33
Դպրոցներում անցկացվող միջոցառումները իրավագիտակից հասարակություն ձևավորելու երաշխիք են (տեսանյութ)

ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են հանրակրթական հաստատություններում անչափահասներին ինչպես հակահասարակական արարքներից, հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու, այնպես էլ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները։

Այդ առաջնահերթությամբ պայմանավորված՝ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները, պարեկներն ու փրկարարները հանդիպում-զրույցներ են անցկացնում դպրոցներում՝ անդրադառնալով անչափահասների սոցիալական պատասխանատվության, իրավագիտակցության և արտակարգ իրավիճակներում դիմակայունության բարձրացմանն ուղղված տարբեր թեմաների։ Միայն 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում նմանօրինակ հանդիպումներ են անցկացվել հանրապետության շուրջ 600 ուսումնական հաստատությունում ։

«Երեխաների հարցերը բազմաբովանդակ էին․ հիմնականում վերաբերում էին օդային տագնապին, պաշտպանական կառույցներին, ապաստարաններին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կամ նմանատիպ երևույթին իրենց գործողությունների ճիշտ կազմակերպմանը», – նշեց ՆԳՆ ՓԾ ԵՓ վարչության ՔՊ բաժնի ավագ հրահանգիչ Ղարիբ Ղարիբյանը։

Քաղաքացիական պաշտպանության բնագավառի վերաբերյալ թեմատիկ զրույցներից բացի, արդյունավետ են նաև պարբերաբար անցկացվող ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություննները, որոնք թույլ են տալիս մի կողմից ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, մյուս կողմից՝ գործնականում սովորեցնել դպրոցականներին արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների կիրառման հմտությունները:

Հանդիպման շրջանակներում պարեկները դպրոցականների հետ կիսվել են իրենց փորձով՝ ներկայացնելով ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու, հանցագործություններ, իրավախախտումներ հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ իրականացվող գործողությունները՝ մանրամասնելով նաև տարբեր իրավիճակներում քաղաքացիների պատասխանատվության վերաբերյալ հարցեր:

«Դպրոցականների հետ դասընթացների ժամանակ խոսել ենք ճանապարհային երթևեկության կանոնների, ինչպես նաև հետիոտնային անցման կարգի վերաբերյալ։ Դասի ժամանակ հետաքրքրասերների մոտ հարցեր է առաջացել պարեկային ծառայության վերաբերյալ, որի հետ կապված տրվել են իրենց հուզող հարցերի պատասխանները»,- նշեց Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Իլյա Սարգսյանը։

ՆԳ նախարարությունը կարևորում է անչափահասների շրջանում անցկացվող նմանօրինակ հանդիպում-զրույցները, ինչի շարունակականությունը իրավագիտակից քաղաքացիական հասարակություն ձևավորելու երաշխիքն է։

 

Լրահոս

Դիտել ավելին