Կարևոր իրադարձություններ

Պետք է պայքարենք անպատժելիության մշակույթի դեմ, որը գլխավոր մարտահրավերներից է. Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում (տեսանյութ)

25 Հունվար, 2024 23:30
Պետք է պայքարենք անպատժելիության մշակույթի դեմ, որը գլխավոր մարտահրավերներից է. Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում (տեսանյութ)

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է.

«Շնորհակալություն, տիկին նախագահ:

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք նախ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստատիուին խոշտանգումների դեմ պայքարի բոլոր արդիական հարցերն արտացոլող եւ այդ առումով մեր կազմակերպության հիմնական ռազմավարական խնդիրներին անդրադարձող փայլուն զեկույցի կապակցությամբ:

Բացարձակ, հրամայական, անընդունելի, արգելված եւ անբարոյական. սրանք ածականներ են, որոնք կարող են օգտագործվել խոշտանգումները որպես ընդհանուր միջազգային իրավունքի կողմից տեւական ժամանակ որպես արգելված երեւույթ նկարագրելու համար:

Բայց խոշտանգումները պարզապես արգելված չեն: Ունենալով jus cogens արգելքի կարգավիճակ՝ ընդհանուր միջազգային իրավունքն այն համարում է բացարձակ արգելք՝ առանց որեւէ հնարավոր շեղումների եւ ընդունելի արդարացումների:

Անկեղծ ասած, ես առաջին անգամ կարդացի բանաձեւի նախագիծ, որտեղ բախվեցի որոշ փաստական հանգամանքների, որոնք ինձ ստիպեցին մտածել, որ սխալվել եմ եւ կարդացել եմ ոչ թե ժամանակակից, այլ միջնադարից ինձ հասած մի փաստաթուղթ:

Հնարավոր է արդյո՞ք, որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում մեր կազմակերպության անդամ պետություններում տեղի են ունենում խոշտանգումների նման դրսեւորումներ:

Տիկնայք եւ պարոնայք, խոշտանգումների բացարձակ արգելքը պարզապես իրավական հրամայական չէ, այն բարոյական պարտավորություն է, որը սահմանում է մեր քաղաքակրթությունը, մեր բարեկեցությունը, մեր կազմակերպությունը: Եվ, հետեւաբար, խոշտանգումների նկատմամբ բացարձակ անհանդուրժողականության մոտեցումը պետք է լինի միակ տարբերակը մեր վեհաժողովի համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Չնայած համընդհանուր եւ եվրոպական մակարդակում խոշտանգումների բացարձակ արգելքի վերաբերյալ անթիվ միջազգային փաստաթղթերի առկայության՝ խոշտանգումները տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում՝ հիշեցնելով մեզ շարունակական զգոնության եւ քարոզչության անհրաժեշտության մասին:

Մենք միամտորեն չենք հավատում, որ խոշտանգումները, որպես սոցիալական երեւույթ, իսպառ կվերացվեն: Խնդիրը ոչ թե խոշտանգման երեւույթի մեջ է, այլ ավելի շուտ ընդունված միջազգային պարտավորությունների եւ գործնականում դրանց կատարման միջեւ գոյություն ունեցող անջրպետի: Մենք պետք է պայքարենք անպատժելիության մշակույթի դեմ, որը գլխավոր մարտահրավերներից մեկն է:

Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում խոշտանգումները սկսել են համատարած կամ համակարգված կիրառում գտնել հալածյալ որոշակի խմբերի ճնշելու համար, ինչը հավասարազոր է մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններին:

Հարգելի՛ գործընկերներ,

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (CPT) Եվրոպայի խորհրդի շրջանակում խոշտանգումների դեմ պայքարի հիմնական միջազգային գործիքներից մեկն է, որի գործունեությունը պետք է հնարավորինս ընդլայնված աջակցություն գտնի ոչ միայն ազգային օրենսդրության մեջ վերջինիս ստանդարտները ներառելով, այլեւ ապահովելով դրանց լիարժեք իրականացումն ազգային մակարդակում:

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի բոլոր ներկա եւ նախորդ զեկույցների ավտոմատ հրապարակումը կդառնար շահագրգիռ բոլոր երկրների բարի կամքի դրսեւորում եւ կնպաստեր անպատժելիության ու խոշտանգումների մշակույթի վերացմանը:

Վերջապես, բայց ոչ պակաս կարեւոր, մենք լիովին համաձայն ենք զեկուցողի հետ, որ թվայնացված դարաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների, տեսանկարահանման եւ այլ տեխնոլոգիաների օգտագործումը կդառնա շատ արդյունավետ միջոց խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման ու անպատժելիության մշակույթից հրաժարվելու համար:

Եկեք թվային դարաշրջանը դարձնենք առանց խոշտանգումների դարաշրջանի հոմանիշը:

Շնորհակալություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին