Կարևոր իրադարձություններ

Որակական բարձր նշաձողին հասնելու ձգտում՝ սոցիալական երաշխիքներին զուգահեռ. 2023-ին մեկնարկել է փրկարարների ատեստացիան (տեսանյութ)

25 Դեկտեմբեր, 2023 22:28
Որակական բարձր նշաձողին հասնելու ձգտում՝ սոցիալական երաշխիքներին զուգահեռ. 2023-ին մեկնարկել է փրկարարների ատեստացիան (տեսանյութ)

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում՝ հոկտեմբերի 23-ից Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ընթանում է փրկարար ծառայողների ատեստավորման գործընթացը։ Չորս մասնագիտական ուղղություններով ձևավորված 12 խմբերի փրկարար ծառայողները երեք մակարդակներում ՝ կրտսեր, միջին և ավագ, իրենց ուղղվածությանն ու զբաղեցրած պաշտոնին համապաստասխան՝ մի քանի փուլով ատեստավորում են անցնում։ Առաջին փուլում թեստավորմամբ ստուգվում է փրկարարների ընդհանուր գիտելիքների, զարգացվածության ու անկեղծության մակարդակը, երկրորդ փուլում՝ ֆիզիկական պատրաստականությունը, իսկ վերջում՝ մասնագիտական գիտելիքները։

«Ատեստացիան հնարավորություն է տալիս փրկարարներին ոչ միայն բարելավել իրենց սոցիալական երաշխիքները, այսինքն՝ աշխատավարձը, այլև հետագայում զարգանալու և այլ պաշտոնի հավակնելու հնարավորություն է ընձեռում»,-ասում է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը:

Արմինե Հայրապետյանի խոսքով՝ սա այն ոլորտն է, որտեղ հատկապես մասնագիտական տարբեր ուղղություններ ներկայացնող փրկարարներն անընդհատ պետք է թարմացնեն իրենց գիտելիքները, իրազեկ լինեն ժամանակակից մոտեցումներին ու բոլոր այն ձևաչափերին, որոնք ստեղծվում են հումանիտար արձագանքման, աղետների կառավարման դեպքում։

Ատեստավորման անցկացման նպատակով ակադեմիայում ստեղծվել են համապատասխան պայմաններ՝ առանձնացվել ու կահավորվել են սենյակներ, ինչը հանձնաժողովներին հնարավորություն է տալիս հեռավար հետևել թեստավորման փուլի աշխատանքին։

Այս պահին կան ատեստավորման գործընթացը հաջողությամբ անցած փրկարար ծառայողներ, որոնք սեփական գիտելիքների շնորհիվ, ըստ ծառայողական աստիճանակարգության և գրանցած արդյունքների, բարելավել են իրենց սոցիալական երաշխիքները:

Նորամուծություններին և տեխնոլոգիական փոփոխություններին համահունչ՝ փրկարարների վերաորակավորումն ու կատարելագործումն առաջնահերթություն է։

 

Լրահոս

Դիտել ավելին