Կարևոր իրադարձություններ

Վստահեցնում եմ` կքննվեն ու կպարզվեն միջադեպի բոլոր պատճառները. ԵՊՀ ռեկտոր

17 Նոյեմբեր, 2023 14:38
Հեղինակ՝ Հովհաննես Հովհաննիսյան
Վստահեցնում եմ` կքննվեն ու կպարզվեն միջադեպի բոլոր պատճառները. ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ-ի ռեկտորը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ցավոք, ունենք զոհ և վիրավորներ։ Ցավակցելով հրդեհի զոհ դարձած մեր աշխատակցի հարազատներին, բարեկամներին և զորակցությունս հայտնելով բոլոր տուժածներին՝ վստահեցնում եմ, որ կքննվեն ու կպարզվեն միջադեպի բոլոր պատճառները։

Թեև միջադեպից հետո տեղին չէ հանդես գալ շնորհավորական ուղերձներով, սակայն Ուսանողների միջազգային օրվան նվիրված շնորհավորական իմ ուղերձը, որը տեխնիկապես հնարավոր է եղել պլանավորել նախորդ օրը, հրապարակվել է ավտոմատ եղանակով դեպքից տասը րոպե առաջ։

Սիրելի՛ հայրենակիցներ, միասնաբար ու համատեղ ջանքերով մենք կկառուցենք կրթական անվտանգ միջավայր՝ մեր ուսանողներին ընձեռելով հնարավորություն՝ վայելելու իրենց ուսանողական տարիները։

Սիրելի՜ ուսանողներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Դուք մեր երկրի ներկան ու ապագան եք, մեր համալսարանական լավագույն ավանդույթների շարունակողն ու նորը ստեղծողը։

Սիրելի՜ ուսանողներ, բարձրագույն կրթություն ստանալու ձեր որոշումն արդեն իսկ վկայում է ձեր երազանքների ու նպատակների իրագործմանը հասնելու վճռականության և գիտելիք ստանալու ու բացահայտումների բերկրանքը վայելելու ձեր ցանկության մասին։

Շարունակե՛ք երազել, մի՛ վախեցեք սխալվելուց և մի՛շտ հիշեք, որ յուրաքանչյուր մարտահրավեր հնարավորություն է, յուրաքանչյուր անհաջողություն՝ փորձառություն և սովորելու, զարգանալու ու ավելի լավը դառնալու միջոց։

Իմացե՛ք, որ համալսարանական մեր մեծ ընտանիքը մշտապես ձեր կողքին է՝ ձեր ուսանողական տարիները ավելի երջանիկ ու լավը դարձնելու, ձեր հետագա գործունեության ընթացքում ձեզ աջակցելու ու սատարելու համար։

Խորհրդանշական այս օրը եկեք մեկ անգամ ևս գնահատենք ու արժևորենք հանուն հայրենիքի պաշտպանության հավերժի ճամփորդ դարձած մեր ուսանողների սխրանքը։ Հավերժ փառք և խոնարհում նրանց հիշատակին»։

 

Լրահոս

Դիտել ավելին