Կարևոր իրադարձություններ

Գորիսի ԲԿ-ի Սպիտակ բանակը արցախցիներին, բացի բժշկելուց, սեր տվեց, հոգ տարավ, կերակրեց, փայփայեց. Արև Աբելյան

03 Հոկտեմբեր, 2023 00:18
Հեղինակ՝ Արև Աբելյան
Գորիսի ԲԿ-ի Սպիտակ բանակը արցախցիներին, բացի բժշկելուց, սեր տվեց, հոգ տարավ, կերակրեց, փայփայեց. Արև Աբելյան

Գորիսի բժշկական կենտրոնի Հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«4֊րդ օրն է ջերմում եմ։ Թիկունքս մրսեց, չդիմացավ Արցախի կորստին։

Գիշերը տաքությունս հասավ պիկին, ու ոչ մի դեղ չէր օգնում։ Հեռախոսս վերցրի, որ Շտապօգնության կայան զանգեմ, մեկ էլ աչքիս դեմն եկավ էն ծանրաբեռնված աշխատանքը, որ իր ուսերին վերցրեց Գորիսի ԲԿ֊ն։ Ցած դրի հեռախոսս և Գորիսի ԲԿ֊ ի բուժքրոջ պես ինձ պահեցի։
Բայց... ասելիքս այլ է ...
Չեք պատկերացնի թե ինչ հոգատարությամբ ԲԿ֊ի Սպիտակ Բանակը կանգնեց Արցախցիների կողքին։
Բացի բժշկելուց, սեր տվեց, հոգ տարավ, կերակրեց, փայփայեց...
Ես ՈՉ ՄԻ տեղ չեմ տեսել, որ բուժանձնակազմը էս կարգի դրսևորի իրեն։
Շտապօգնության կայանն անգամ Հակարիի կամրջի մոտ հերթապահություն իրականացրեց։ Բոլորին արագի մեջ հասցրեց հիվանդանոց՝ ցուցաբերելով առաջին օգնություն։
Մանկական բաժնում լիքը երեխաների կյանքեր փրկվեցին, Մանկաբարձագինեկոլոգիայում՝ հրաշքներ ծնվեցին։ Ծանր ու պատասխանատու աշխատանք բաժին հասավ նաև Թերապևտիկ բաժանմունքի անձնակազմին, տնօրինությունն ու բոլոր բաժիններն աշխատեցին արտակարգ ռեժիմով։
Ապրե՛ք դուք, շատերին հարազատ դարձած Սպիտակ Բանակ։
Ապրե՛ք դուք, որ կաք Գորիսում։
Ապրե՛ք դուք, որ մայրաքաղաքային առաջատար ԲԿ֊ներում աշխատելու փոխարեն նախընտրել եք հարազատ քաղաքը։
Ապրե՛ք դուք, որ ձեր կարիքն ունեցողների կողքին եք։
Գրավոր ու բանավոր բազմաթիվ շնորհակալական խոսքեր ու նամակներ են ուղարկում ուղղված թե Գորիսի ԲԿ֊ին, թե բժիշկներին։
Մի օր դրանք կհրապարակեմ։

Իսկ հիմա ընդամենը մի քանի կադրով այն ծավավալուն աշխատանքի մի փոքր մասը»։

 

Լրահոս

Դիտել ավելին