Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերադառնալ երկխոսության

06 Սեպտեմբեր, 2023 15:25
ԵՄ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում վերադառնալ երկխոսության

Եվրամիությունը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի կայքէջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպական միությունը մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումներին և Լեռնային Ղարաբաղի հայերի վրա ազդող հումանիտար և անվտանգային լուրջ հետևանքներին:

ԵՄ-ն հիշեցնում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը խոչընդոտվել է գրեթե 9 ամսով, իսկ հունիսի 15-ից միջանցքը գրեթե ամբողջությամբ փակվել է՝ բացառությամբ երբեմն իրականացվող բժշկական տարհանումների:

«Արդյունքում դեղորայքն ու առաջին անհրաժեշտության ապրանքներն աղետալիորեն պակասում են կամ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար»,- ընդգծվում է ԵՄ-ի հայտարարության մեջ։

ԵՄ-ն ցավում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը տարածաշրջանում լրջորեն խոչընդոտվել է, և կոչ է անում այն լիարժեք և արագ վերականգնել՝ ներառյալ հումանիտար բեռների փոխադրումը:

«ԵՄ-ն կրկնում է իր կոչը, որով հուլիսի 26-ին հանդես է եկել ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատարը՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը երկու ուղղություններով և երաշխավորել, որ ճգնաժամն այլևս չի սրվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի ժամանակավոր միջոցների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշման։

ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Աղդամ քաղաքով ապրանքներ մատակարարելու Ադրբեջանի իշխանությունների հնչեցրած պատրաստակամությունը։  ԵՄ-ն հաստատակամ է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին համաձայնագրերի և միջազգային դատարանի որոշման համաձայն»,- ասված է հայտարարության մեջ։

Վերջին ամիսներին ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջազգային սահմանի երկայնքով աճող լարվածությանը։ ԵՄ-ն արձանագրում է, որ հրաձգության հետ կապված միջադեպերի մասին հաղորդագրություններ են ստացվում գրեթե ամեն օր:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել հետագա միջադեպերից և կրկին վերադառնալ երկխոսության»,- նշված է հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին