Գ.Մ.-ն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) երկար տարիներ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, մտերիմ հարաբերություններ ձևավորելով Կոմիտեի այլ պաշտոնատար անձանց հետ, 2017-2021 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է 4 մլրդ 233 մլն 57 հազար 363 դրամ արժեքով՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր:
Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող, 3550 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 437 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը.
Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի, Գ-1 թաղամասում գտնվող 4000 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 11 մլն 760 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը.
Երևան քաղաքի, Աջափնյակ Գ-1 թաղամասում գտնվող 8405 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 24 մլն 710 հազար 700 դրամ կադաստրային արժեքով հողամասը.
Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի Աջափնյակ, Լուկաշինի փողոցին հարող տարածքում գտնվող 12.860 քմ մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 37 մլն 133 հազար 250 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.
Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված Երևան քաղաքի Շենգավիթ, Արտաշատի խճուղում գտնվող 5000 քմ մակերեսով, գյուղատնտեսական նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 14 մլն 700 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը.
Նույն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 2080 քմ մակերեսով, բնակավայրերի (տնամերձ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 22 մլն 276 հազար 800 դրամ կադաստրային արժեքով հողամասը.
Երևան Կենտրոն, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող 12.400 քմ մակերեսով, հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 730 մլն 462 հազար 920 դրամ կադաստրային արժեքով հողամասը.
Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 6.640 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 254 մլն 244 հազար 936 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.
Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 9.420 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 360 մլն 690 հազար 858 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.
Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցում գտնվող 7090 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 417 մլն 659 հազար 847 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.
Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 16.870 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 645 մլն 950 հազար 613 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.
Կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված, Երևան քաղաքի, Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 17.730 քմ մակերեսով, բնակավայրերի (այլ) նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլրդ 44 մլն 444 հազար 159 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը.
Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցին հարող տարածքում գտնվող 17.200 քմ մակերեսով, անտառային նպատակային նշանակության, առանձնապես խոշոր չափերով՝ 658 մլն 586 հազար 280 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը:
Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում Գ.Մ.-ն, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ իրավունք ձեռք բերելու շուրջ հանցավոր համաձայնության է եկել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մի շարք անձանց հետ, տարբեր քաղաքացիների անվամբ կեղծ փաստաթղթերի միջոցով հողամասեր գրանցելու նպատակով ստացել է նրանց անձնագրերի պատճենները, անհրաժեշտ այլ տվյալներ և, դեռևս չպարզված հանգամանքներում և անձանց միջոցով, կազմել է հողամասերի կեղծ կադաստրային գործեր:
Կադաստրային գործերում, ի թիվս այլնի, ներառվել են Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, վճարման կեղծ անդորրագրեր, անշարժ գույքի պետական գրանցում կատարելու վերաբերյալ կեղծ դիմումներ, սեփականության իրավունքի կեղծ վկայականներ և այլ փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբր Երևանի քաղաքապետի տարբեր որոշումների հիման վրա՝ 2000-ական թվականներին կնքված առուվաճառքի պայմանագրերով հողամասերն օտարված են եղել ՀՀ տարբեր քաղաքացիների: Այնուհետև, այդ կադաստրային կեղծ գործերը, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղադրվել են Կոմիտեի արխիվում, մի շարք դեպքերում համապատասխան մատյանների իրական էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող թերթերով, կամ, ընդհանրապես, հեռացվել են: Վերոնշյալ արարքները կատարելուց հետո, Գ.Մ.-ն, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, ինչպես նաև դեռևս չպարզված այլ պաշտոնատար անձանց հետ, Հ.Մ.-ին համոզելու եղանակով դրդել է նրան չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես` Գ.Մ.-ն Հ.Մ.-ին խնդրել է չկատարել պաշտոնի անձնագրից բխող աշխատանքային պարտականությունները, չհամեմատել կեղծ կադաստրային գործերի թղթային և էլեկտրոնային տարբերակները և գրանցման էլեկտրոնային համակարգում մուտքագրել իր կողմից մատնանշված ապօրինի կադաստրային գործերը:
Արդյունքում, Կոմիտեի գրանցման էլեկտրոնային «ARPIS» համակարգում տեսաներածվել (սկանավորվել) և մուտքագրվել են կեղծ կադասtրային գործեր, համաձայն որոնց՝ վերոնշյալ հողամասերի նկատմամբ իրավունք են ունեցել Գ.Մ.-ի ներկայացրած անձինք, ինչի հետևանքով Գ.Մ.-ին և նրա հետ հանցավոր համաձայնության եկած անձանց հնարավորություն է տրվել փաստացի տնօրինել և օգտագործել այդ հողամասերը:
Որոշ դեպքերում հափշտակված հողամասերը հետագայում օտարվել են տարբեր անձանց:
Քրեական վարույթով հսկող դատախազի կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել Գ.Մ.-ի, Կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետի թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Հ.Մ.-ի, Գ.Մ.-ի հետ խմբի կազմում հողամասերը հափշտակած և հափշտակությանն օժանակած 10 անձանց նկատմամբ:
6 մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:
Միաժամանակ, Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, միջոցներ են ձեռնարկվել հափշտակված գույքերը համայնքին և պետությանը վերադարձնելու ուղղությամբ. Գլխավոր դատախազությունը հայցեր է հարուցել Վարչական դատարան: