Կարևոր իրադարձություններ

Վահան Արծրունու Music Act-ը տևական դադարից հետո հանդես կգա բացառիկ համերգով (լուսանկարներ)

04 Մայիս, 2023 12:25
Վահան Արծրունու Music Act-ը տևական դադարից հետո հանդես կգա բացառիկ համերգով (լուսանկարներ)

Միայն մեկ համերգ Հայաստանում․ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու ARTSRUNI Progressive Music Act նախագիծը տևական դադարից հետո հանդես կգա բացառիկ համերգով։ 2003 թվականին եվրոպական Un Voyage en Progressif-ի կողմից 10 լավագույն եվրոպական պրոգրեսիվ խմբերի ցուցակում ընդգրկված թիմը համերգը կնվիրի այդ նշանակալից իրադարձության 20-ամյակին։ Համերգը կկայանա մայիսի 17-ին, ժամը 20:00 Hard Rock Yerevan-ում։

Խմբի կազմում հանդես են գալիս Վահան Արծրունին (վոկալ, ակուստիկ կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածայիններ)։

«Խումբը հիմնադրվել է 2000 թվականին, ակտիվ գործունեություն է ծավալել, առաջարկ է ստացել եվրոպական հայտնի MUSEA Records-ից թողարկել երկու ալբոմ։ Երկուսն էլ թողարկվել են 2002-ին Ֆրանսիայում՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականի։  Մեր խումբը առաջինն էր, որ պրոգրեսիվ երաժշտությունը ներկայացրեց Հայաստանի սահմաններից դուրս։ Տևական ժամանակ է՝ ինչ միասին համերգով հանդես չէինք եկել՝ երաժիշտներից մեկի՝ Հայաստանից բացակայելու պատճառով։ Որոշեցինք օգտագործել եվրոպական պրոգրեսիվ խմբերի լավագույն տասնյակի ցուցակում ընդգրկվելու իրադարձային առիթն ու հանդես գալ համերգով»,-նշում է Վահան Արծրունին՝ ընդգծելով, որ համերգն անտարբեր չի թողնի ունկնդրին։

Մայիսի 17-ի երեկոյի ծրագրում ընդգրկված են Վահան Արծրունու գործիքային ստեղծագործություններն ու երգերը։

ARTSRUNI Progressive Music Act-ը հանդես է եկել թե՛ մենահամերգներով, թե՛ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի, Հայաստանի պետական կամերային նվագախմբի և այլ կոլեկտիվների հետ։

Նշենք, որ Վահան Արծրունին առաջադեմ հայ ստեղծագործող է, ով, հավատարիմ մնալով հայ երաժշտության ավանդույթներին, համադրելով ազգային, ակադեմիական և ժամանակակից երաժշտության արտահայտչամիջոցները, իր արվեստով հաստատում է ուրույն մշակութային տեսակ և արժեքային համակարգ։ Ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում` կամերային երաժշտությունից մինչև ռոք և ֆյուժն, էլեկտրոնայինից` սիմֆոնիկ և հոգևոր երաժշտություն։

 

Լրահոս

Դիտել ավելին