Կարևոր իրադարձություններ

Փակուղային շղթա. «Փաստ»

23 Մարտ, 2023 09:32
Փակուղային շղթա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ավելի քան 100 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Ադրբեջանը որևէ կերպ մտադիր չէ կատարել Լաչինի միջանցքի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը և ապահովել ազատ տեղաշարժը։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի գլխավոր նպատակն է նպաստավոր պայմաններ ստեղծել Արցախում հայաթափում և էթնիկ զտումներ իրականացնելու համար։ Դրա համար էլ Ալիևը հրապարակային հայտարարում էր, թե Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ Արցախից։ Միջազգային հանրությանն էլ Բաքուն փորձում է ցույց տալ, որ Արցախյան հակամարտության հարցը փակված է, ու ինքը քայլեր է ձեռնարկում արցախահայության ինտեգրման համար։

Եվ պատահական չէ, որ Արցախի ԱԳՆ-ն վերջերս տարածած հայտարարության մեջ ևս արձանագրեց, որ 2020 թ. ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։ Այդ դեպքում հարց կարող է առաջանալ, թե ինչի՞ համար էին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումները փետրվարի 24-ին և մարտի 1-ին, որոնք ողջունվեցին եվրոպական պաշտոնյաների կողմից։
 
Չնայած որ, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, այդ հանդիպումներում միայն հումանիտար հարցեր էին քննարկվել, այնուամենայնիվ, Ադրբեջանը ներկայացրեց այնպես, թե քննարկումը տեղի է ունեցել արցախահայության ինտեգրման հարցերի շուրջ։ Այն, որ Ադրբեջանը հանցագործ երկիր է, դա բոլորս գիտենք։

Ուստի որևէ հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը կարող է ուղիղ բանակցել Արցախի հետ, շոշափել արցախահայության իրավունքների և անվտանգության հարցերը կամ կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այլ հարց է, որ միջազգային հանրությունը Բաքվին ստիպի բանակցել Արցախի հետ, սակայն մինչ այժմ նման մեխանիզմ չկա, և Ադրբեջանին հաջողվում է միջազգային հանրությանը ներկայացնել, որ Արցախի հարցն իր ներքին գործն է»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին