Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է բեռնափոխադրման ծառայությունների մատուցման ոլորտը:
Ուսումնասիրությունն իրականացվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից իրականացվող «Աջակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում «Լեար» խորհրդատվական ընկերության հետ համատեղ։
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝
2021 թվականի տվյալներով ՀՀ միջազգային բեռնափոխադրման շուրջ 55,8%-ն իրականացվել է ավտոմոբիլային, 29%-ը՝ մայրուղային խողովակաշարային, 15%-ը՝ երկաթուղային, իսկ 0,2%-ը օդային տրանսպորտով։
Ավտոմոբիլային բեռնափոխադրումներ
Ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով ուսումնասիրության մեջ ներառվել են ՀՀ ներմուծվող ապրանքախմբերից՝ ցորենը, արևածաղկի ձեթը և շաքարը, իսկ արտահանվող ապրանքախմբերից՝ կոնյակը, հանքային ջուրը և թարմ կամ պաղեցված ձկները։
2021թ․-ի տվյալներով ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող միջազգային բեռնափոխադրումների շուրջ 77 տոկոսը բաժին է ընկել ներմուծմանը՝ 3 033 հազ․ տոննա, իսկ 23 տոկոսը՝ արտահանմանը՝ 884 հազ․ տոննա,
Ուսումնասիրության մեջ ներառված ներմուծվող ապրանքներից արևածաղկի ձեթի և շաքարի իրացման գների մեջ բեռնափոխադրման ծախսերն ունեցել են 8-12% մասնաբաժին, իսկ ցորենի ինքնարժեքի կառուցվածքում՝ միջինում շուրջ 24%,
Արտահանվող ապրանքներից դիտարկվող կոնյակի, հանքային ջրի և թարմ կամ պաղեցված ձկների իրացման ինքնարժեքում բեռնափոխադրման ծախսերին բաժին է ընկել միջինում շուրջ 5%-ը։
Հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունները չեն ներկայացրել գնագոյացման հստակ մեխանիզմներ, նշելով, որ գները սահմանվում են՝ ելնելով տվյալ պահին մրցակիցների կողմից առաջարկվող գներից (ոլորտում ձևավորված միջին գին)։
Երկաթուղային բեռնափոխադրումներ
Երկաթուղային տրանսպորտով միջազգային բեռնափոխադրումների մեծ մասն իրականացվում է ներմուծման միջոցով՝ 62 տոկոս (648 հազ․ տոննա), իսկ արտահանմանը բաժին է ընկնում տեղափոխվող բեռների 38 տոկոսը (401 հազ․ տոննա),
2021 թվականի տվյալներով երկաթուղային տրանսպորտով ներմուծվող ապրանքներից ամենամեծ բնեղեն ծավալներն ունեցել է նավթամթերքը՝ 385 779 տոննա (շուրջ 60%), իսկ արտահանվող ապրանքների մեջ՝ արդյունաբերական հումք և մետաղական խտանյութեր ապրանքախումբը՝ 148 189 տոննա (շուրջ 62%)։
Ուսումնասիրության արդյունքում առաջարկվել է ներդնել միջազգային բեռնափոխադրումների ոլորտում ՀՀ գրավչությունը բարձրացնելու նպատակով ճանապարհային հարկի դրույքաչափի սահմանման առավել ճկուն համակարգ: