Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ողջունել է Microchip Technology-ի մուտքը Հայաստան

07 Մարտ, 2023 18:59
Վարչապետը ողջունել է Microchip Technology-ի մուտքը Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ի մուտքը Հայաստան և հայկական Instigate Semiconductor ընկերության հետ համագործակցությունը, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է արձանագրվում:

«Մենք կարևորում ենք հեղինակավոր ՏՏ ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և պատրաստակամ ենք աջակցել ներդրումային գործընթացին, ինչը կխթանի նորարարությունների աճը մեր տնտեսությունում», - ասել է վարչապետը և հիշատակել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ  կառույցի կողմից ներդրողների հետ իրականացվում է թիրախային աշխատանք:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Բրյուս Վեյերը նշել է,  որ  Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ և նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը: Նշվել է, որ Instigate Semiconductor-ը գրասենյակներ ունի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և ծրագրում է ընդլայնել գործունեությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը և նշել, որ ոլորտի առաջնահերթության մասին է վկայում նաև Կառավարության կողմից համապատասխան ինստիտուտի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը: Բրյուս Վեյերն իր հերթին նշել է, որ Microchip Technology ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ և հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին