Կարևոր իրադարձություններ

Բրիտանական հասարակական կազմակերպությունը գումար կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից տուժածներին

31 Հունվար, 2023 15:42
Բրիտանական հասարակական կազմակերպությունը գումար կհատկացնի Լաչինի միջանցքի փակումից տուժածներին

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին Արցախի անօրինական շրջափակման հարցով Վեսթմիսթերյան պալատում տեղի ունեցած խորհրդարանական քննարկման արդյունքում Մեծ Բրիտանիայի արտաքին քարտուղարի ներկայացուցիչ Դեյվիթ Ռութլին հայտնել է, որ կառավարական ֆինանսավորմամբ գործող “The Start Fund” ոչ կառավարական կազմակերպությունը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար։

Խորհրդարանական հիշյալ քննարկման ընթացքում, որին մասնակցել էր նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի նախագահ Անեթ Մոսկոֆյանը, ելույթ էին ունեցել, ադրբեջանական ագրեսիան դատապարտել և բրիտանական կառավարությունից որոշակի գործողություններ պահանջել առավել քան մեկ տասնյակ օրենսդիրներ։ Նրանք բրիտանական կառավարությունից, ի թիվս այլնի, պահանջել էին հումանիտար օժանդակություն տրամադրել Արցախին, ինչին ի պատասխան արտաքին քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր սույն հատկացման մասին։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, որ տևական աշխատանք էր կատարել հունվարի 24-ի քննարկումը հնարավոր դարձնելու համար, շարունակում է բրիտանական հասարակական-քաղաքական շրջանակների հետ աշխատանքները՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանրահռչակման և բրիտանական պետության կողմից Ադրբեջանի վրա ճնշումների հասնելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին