Ստամբուլի ոստիկանությունը վերացրել է ռեյդի ընթացքում ԴԱԻՇ-ի ուսուցման կենտրոնը, որտեղ ուսուցում էին ստանում Ուզբեկստանից և Տաջիկստանից տասնյակ երեխաներ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ռեյդն անցկացվել է Ստամբուլի Պենդիկ ասիական թաղամասում: Ձերբակալված օտարերկրացիները պատրաստվում էին մեկնել Սիրիա և Իրաք՝ միանալու ԴԱԻՇ-ին: Ինչպես հայտնում է Vatan թերթը՝ ձերբակալվել են Ուզբեկստանից և Տաջիկստանից եկած 24 դեռահասներ, որոնց ուսուցանում էին արմատական իսլամ և ԴԱԻՇ-ի կյանքի կանոնները: Կենտրոնում անցկացվել են նաև մարզական հավաքներ:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է մոտ 50 օտարերկրյա քաղաքացիների՝ կապված Անկարայի ահաբեկչության հետ: