«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության հայեցակարգում առաջնահերթ տեղ է գրավում: Հայաստանը պետք է էներգետիկ տեսանկյունից ապահովված լինի, ինչը նախևառաջ օրենքի պահանջ է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին, նման տեսակետ է հայտնել էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: Նա կարևորում է սեփական ռեսուրսների ավելացումը ու կարծում, որ այդ առումով հնարավորություններ ունենք:
Ինչ վերաբերում է այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիային, այդ առումով մեր ունեցած հնարավորություններին ու ներուժին, նա շեշտեց. «Այսօր արևային էներգիայի տված էլեկտրաէներգիան մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում 1 տոկոսից էլ պակաս է: Այդուհանդերձ, արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է, և մենք պետք է կառուցենք արևային էլեկտրակայաններ: Դրանք պետք է շարունակեն կառուցվել գյուղական շրջաններում, նաև Երևանի ծայրամասերում:
Թեպետ այդ աշխատանքը հիմա ոչ շատ ուժեղ, բայց բավականին ինտենսիվ է կատարվում: Մեր բնակավայրերում այդպիսի կայանների թիվը արդեն բավականին մեծ է: Իսկ ինչ վերաբերում է մի քիչ մեծ՝ 5, 10 մեգավատ հզորություններով կայաններին, ապա դրանք մի քանիսն են: Ամենամեծը, որը կառուցվում էր Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում, «Մասրիկ-1» կայանն է, որը, ցավոք, սահմանային հատվածում է ու հիմա շինարարությունը դադարեցվել է»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: