Կարևոր իրադարձություններ

Կայացավ Երիտասարդական նվագախմբի, Սուրեն Բագրատունու և Հիրոֆումի Յոշիդայի համագործակցությունը

19 Հոկտեմբեր, 2015 12:56
Կայացավ Երիտասարդական նվագախմբի, Սուրեն Բագրատունու և Հիրոֆումի Յոշիդայի համագործակցությունը

Հոկտեմբերի 17-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ երկու համերգ։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան աշխարհահռչակ երկու երաժիշտ՝ Սուրեն Բագրատունի (թավջութակ, ԱՄՆ) և դիրիժոր Հիրոֆումի Յոշիդա (Ճապոնիա)։ Ճապոնացի մեծահամբավ դիրիժորի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Բեդրժիխ Սմետանայի «Վլտավա» սիմֆոնիկ պոեմը «Իմ հայրենիքը» շարքից, Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտ սի մինոր, մենակատար՝ Սուրեն Բագրատունի, ինչպես նաև՝ Անտոնին Դվորժակի Սիմֆոնիա թիվ 9 «Նոր աշխարհից»։ Թավջութակահար Սուրեն Բագրատունին նշեց, որ շատ ուրախ էր մասնակցել խաչատրյանական փառատոնին, հատկապես դիրիժոր Դավիթ Խանջյանին նվիրված համերգով։ «Կայացավ ծանոթությունս Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, ինչից մեծ հաճույք ստացա։ Երիտասարդները նվագում էին վարպետորեն։ Դիրիժոր Հիրոֆումի Յոշիդայի հետ առաջին անգամ էի հանդես գալիս։ Շատ հետաքրքիր երաժիշտ է, և հեշտությամբ լեզու գտանք»,- համերգից հետո իր տպավորություններն է հայտնում Սուրեն Բագրատունին։ Դիրիժոր Հիրոֆումի Յոշիդան առաջին անգամ է Երևանում ու մեծ տպավորություն ունի Հայաստանից։ «Ես ուրախ եմ գալ այստեղ և ղեկավարել Երիտասարդական նվագախումբը՝ հանդես գալով Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Պետք է շնորհակալություն հայտնեմ կազմակերպիչներին հրավերի համար։ Համերգին ներկա է նաև Ճապոնիայի դեսպանը, և սա նշանակում է, որ այսպիսի միջոցառումներով ճապոնացիներն ավելի ու ավելի լավ կճանաչեն Հայաստանն ու հայերին։ Իսկ հանդիսատեսը շատ ջերմ էր։ Հայ հանդիսատեսը շատ նման է իտալացիներին»,- ասում է Հիրոֆումի Յոշիդան։ Նույն ժամին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում խաչատրյանական փառատոնի շրջանակներում ներկայացվում էր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը՝ 3 գործողությամբ։ Գլխավոր դերերում հանդես եկան Ռուբեն Մուրադյանը (Սպարտակ), ՀՀ վաստ. արտիստ Ժակլին Սարխոշյանը (Ֆրիգիա), ՀՀ վաստ. արտիստ Մարիա Դիվանյանը (Էգինա), Գրիգոր Գրիգորյանը (Կրասոս), ՀՀ վաստ. արտիստ Զավեն Հարությունյանը (Գլադիատոր): Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնահանդեսը կյանքի է կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են նաև «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։

 

Լրահոս

Դիտել ավելին