Կարևոր իրադարձություններ

Լավրովն առաջ է մղում «3+3» ձևաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»

08 Հոկտեմբեր, 2021 09:56
Լավրովն առաջ է մղում «3+3» ձևաչափը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․

«Մեր հարավային հարեւանի սկսած լայնամասշտաբ զորավարժությունները եւ Ադրբեջանի հասցեին հնչեցրած վերջին կտրուկ հայտարարություններն իր տարածքի հյուսիսի անվտանգության համակարգի այդ հատվածին էին վերաբերում: Գործը հասավ նրան, որ իրանցի զինվորական ղեկավարները հայտարարեցին, թե այդ ուղղությամբ պատրաստ են պաշտպանելու իրենց երկրի շահերը նաեւ Իրանի տարածքից դուրս՝ նկատի ունենալով Սյունիքը եւ Արցախի օկուպացված տարածքները: Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանիի հանդիպման ժամանակ հիմնական քննարկված հարցերից մեկը եղել է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների խնդիրը:

Մասնավորապես՝ քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ «3+3» ձեւաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով: Լավրովը նախ հիշեցրել է, որ ՌԴ-ն վճռական դեր է խաղացել արցախյան հակամարտությունը կանգնեցնելու հարցում, եւ այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները: Դրանից բացի, նա հիշել է եռակողմ հայտարարությունը, որի դրույթներից մեկը տարածաշրջանի բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակումն է, ինչը օգուտ կբերի Անդրկովկասի երեք երկրներին եւ նրանց հարեւան Իրանին, Ռուսաստանին եւ Թուրքիային:

Լավրովը, իհարկե, չի մոռացել նշել, որ այդ ձեւաչափին դեմ է արտահայտվել Վրաստանը, բայց հույս է հայտնել, որ վերջինս մի կողմ կդնի իր խնդիրները հանուն համագործակցության: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը փորձել է պաշտոնական Թեհրանին հանգստացնել, որ տեղի է ունենալու տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացում, որը չի կարող սպառնալ Իրանի անվտանգությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին