Կարևոր իրադարձություններ

Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման մասին նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ. խորհրդարանը հաստատեց նաև մյուս նախագծերը

19 Հունվար, 2021 10:43
Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման մասին նախագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ. խորհրդարանը հաստատեց նաև մյուս նախագծերը

Խորհրդարանը քվեարկեց երեկ Ազգային Ժողովի նիստին քննարկված նախագծերը: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը» երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց՝ կողմ՝ 84, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 2 ձայնով:

Նախագիծը վերաբերում է հարկային հսկողական աշխատանքների ընթացքում պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելու համար նախատեսվող վարչական պատասխանատվությանը: Առաջարկվող նախագծով այդ վարչական պատասխանատվությունը վերաբերում է ընդհանուր հարկային վերահսկողական աշխատանքներին:

«ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1:

Նախագծով սահմանվել են հարկ վճարողներին ծանուցումների իրականացման հետ կապված նոր իրավահարաբերություններ: Մասնավորապես՝ նախագծով սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկը: Սահմանվել է պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի էլեկտրոնային ծանուցման եղանակը:

«Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 3 ձեռնպահ ձայնով:

Նախագծով նախատեսվում է մարտական զենք տրամադրել նաև ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների աշխատակիցներին՝ օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար օգտագործելու հնարավորությամբ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումների ու փոփոխությունների և կից օրենքների նախագծերի փաթեթն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 84 պատգամավոր, ձեռնպահ՝ 2:

Առաջինից երկրորդ ընթերցում՝ հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ քվեարկեց 85, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով: Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատում որոշակի հաստիքների ավելացում է նախատեսվում: Սահմանվել են նաև Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելու ավելի խիստ սահմանափակումներ: 

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ կողմ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4 ձայներով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ և փոփոխությունների նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեց 83 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3:

«Ունեինք ժամկետների բացթողում՝ կապված պատերազմական գործողությունների հետ, և օրենքում հստակեցված չէր, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային հանձնաժողովի կազմավորման պահը երբ է ֆիքսվում՝ վերջին անդամի ընտրությունից հետո՞, թե՞ ԱԺ նախագահի՝ անհատական իրավական ակտի ընդունման պահից»,- երեկ ԱԺ նիստին տեղեկացրեց նախագծի համահեղինակ Նազելի Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում հաշվի են առնվել ՄԻՊ գրասենյակից ու Կառավարությունից եղած դիտողությունները  և առաջարկությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին