Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը տարածաշրջանում կայուն խաղաղության անկյունաքարն է. ԱՀ ԱԳՆ

10 Դեկտեմբեր, 2020 15:09
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը տարածաշրջանում կայուն խաղաղության անկյունաքարն է. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը  հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ 

«Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետությունում նշվում է որպես մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օր: 1991 թ. հենց այս օրը Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ի շարունակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրի: Հանրաքվեի արդյունքում, որը կայացավ միջազգային իրավունքի նորմերին և այդ ժամանակաշրջանում գործող ԽՍՀՄ ազգային օրենսդրությանը համապատասխան, Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։

1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն տրամաբանական շարունակությունն էր Արցախի ժողովրդի հետևողական ջանքերի, որը ձգտում էր ղարաբաղյան հիմնախնդիրը վերադարձնել  քաղաքական և իրավական հարթություն, կանխել վերահաս պատերազմը և պայմաններ ստեղծել բացառապես խաղաղ ճանապարհով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար` միջազգային իրավունքի նորմերի, արդարության սկզբունքների ու փոխադարձ հարգանքի և ժողովուրդների իրավահավասարության հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին 1991 թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագիրը, ինչպես նաև 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն ծառայում են որպես Արցախի պետականության իրավական հիմք, որը Արցախի ժողովրդի կամարտահայտության բարձրագույն դրսևորումն է:
Արցախի անկախության հանրաքվեի արդյունքները չճանաչելը փաստորեն ստեղծեց պայմաններ, որոնց դեպքում Ադրբեջանն իրեն իրավունք վերապահեց հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով և երեք անգամ՝ 1991, 2016 և 2020 թվականներին, ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:

Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը, որն իրացվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման անկյունաքարն է:

Լրահոս

Դիտել ավելին