Կարևոր իրադարձություններ

Արցախի ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է հումանիտար գործառույթ իրականացնող կառույցի թիրախավորումը Ադրբեջանի կողմից

02 Հոկտեմբեր, 2020 18:15
Արցախի ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է հումանիտար գործառույթ իրականացնող կառույցի թիրախավորումը Ադրբեջանի կողմից

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը․

«Ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին և թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն:

Նախնական տվյալներով՝ դիտավորյալ ու հասցեական թիրախավորման արդյունքում կան վիրավորված քաղաքացիական անձինք և մեծածավալ նյութական վնասներ: Տվյալները ճշտվում են:

Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և պետական մարմինների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ՝ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ:

Մինչև այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր իրագործվող պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա թիրախավորումը:

Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները: Միջազգային հանրությունն ուղիղ պատասխանատվություն է կրում իրականացվող հանցագործությունների հետևանքների համար, և պետք է բացառվի Արցախի քաղաքական կարգավիճակով պայմանավորված խտրականությունն ու անտեսումն Արցախի բնակչության հանդեպ»:

 

Լրահոս

Դիտել ավելին