Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են այս ամիս ամենից շատը քննարկվել. TOP 10

23 Հունվար, 2016 13:00
Ովքե՞ր են այս ամիս ամենից շատը քննարկվել. TOP 10

Այս ամիս հանրային հնչեղություն ունեցող դեպքերով կամ գործողություններով հատկապես աչքի են ընկել, քննարկվել ու լուսաբանվել հետևյալ սիրված ու չսիրված մարդիկ.

 

10. Պատրիարք Կիրիլ

Նա հայտարարեց, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների չեն կոտորել: Իր այդ հայտարարությամբ ռուսական եկեղեցու առաջնորդը կա՛մ ուրացավ 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը, կա՛մ էլ հայերին քրիստոնյա չի համարում: Եթե հաշվի առնենք, որ ժամանակին ռուս եկեղեցականները հայ առաքելական եկեղեցին աղանդ են համարել, եթե հիշենք, որ ռուսները հանուն թուրքերի մեզ պարբերաբար դավաճանել են, ապա ռուս պատրիարքի խոսքը չպետք է ցնցող լիներ հայ հասարակության համար: Այն ոչ էլ ցնցեց հայ հասարակությանը, այլ թեթև զարմացրեց, մի քիչ զայրացրեց և պետական քարոզչամեքենայի օգնությամբ արագ մոռացության մատնվեց:

 9.    Արմեն Աշոտյան

Նրա կոտրված ոտքը դարձավ այս տարվա ամենազավեշտալի լուրը ֆեյսբուքահայության համար: Այդ անառողջ ուրախությանը նա հավելեց հրճվանքի ևս մեկ առիթ՝ վարդագույն ծածկոցով յուրօրինակ սելֆի իր բնակարանից: Այդ սելֆին այլափոխվեց Աշոտյանի չարակամների կողմից և նորից նրան դարձրեց սոցցանցերի ամենամեծ ուրախության պատճառը: Նա այս ամիս ուրախություն պարգևեց նաև աշակերտությանը՝ երկու շաբաթով դադարեցնելով ուսումնական ողջ պրոցեսը:

 8.    Արթուր Վարդանյան

Այս գորշ ու վատ հիշվող դեմքը տարօրինակ կերպով կարողացավ ազատազրկման դուռը հասցնել հարյուրավոր մարդկանց: Նրա անձն այնքան զուրկ է խարիզմայից, որ չնայած նրա կողմից պատրաստվող ահաբեկչությունը դարձել է ողջ հայության ակտիվ քննարկման թեման, սակայն նրա անձը շարունակում է անհետաքրքիր մնալ հանրության համար: Ահա թե ինչպիսին են լինում իրական սադրիչները՝ նրանց անձն աննկատ է, իսկ գործը՝ հարյուրավոր մարդկանց տառապանքի պատճառ ու հազարավորների քննարկման առիթ:

 7.    Սյուզի Գևորգյան

Նա այս ամիս դարձյալ ենթարկվեց բռնության: Ոմանք հայտարարեցին, որ երկրի վերջն է, երբ արդեն դեռահաս աղջիկների են ծեծում քաղաքական ակտիվության համար: Ոմանք էլ պնդեցին, որ նրա դաժանաբար ծեծվելու մասին պնդումները խիստ չափազանցված են: Այդուհանդերձ, տոնական ռեպրեսիաների ֆոնին և հետտոնական դեպրեսիայի պայմաններում նրա ծեծը դարձավ ակտիվ քննարկման ու հակաիշխանական հերթական հիստերիայի պատճառ:

 6.    Նիկոլ Փաշինյան

Բացի ամենաընդդիմադիրների տասնյակում կայուն տեղ ունենալուց, նա կարողացել է հայտնվել նաև ամենաքննարկվածների կողքին: Մրցակից ընդդիմադիրների կողմից պարբերաբար շրջանառվող և հանրությանն արդեն շատ հուզող թիվ մեկ հարցն է. ունի՞ նա արդյոք թաքուն կապ իշխանական ամենավերին օղակների հետ: Միևնույն ժամանակ մարդիկ պարբերաբար հիանում և ապշում են նրա սուր հակաիշխանական ելույթներով և չեն կարող նույնիսկ պատկերացնել, որ իրենց Նիկոլն այդքանից հետո կարող է դավաճանել իրենց: Այս և այլ պատճառներով նա պարբերաբար դառնում է ամենաքննարկված ընդդիմադիրը և մյուս ընդդիմադիրների ամենահաճախակի թիրախը:

 5.    Աննա Ավանեսյան

Հանրային հեռուստաընկերության այս յուրօրինակ գեղեցկուհին գերել է Հայաստանի երբեմնի թիվ մեկ որդու սիրտը: Շատերն այս ամիս ցավով տեղեկացան, որ Հայաստանի հիմնադիր նախագահի տանը կռիվ է ընկել, և նրա որդին բաժանվել է մեկ այլ գեղեցկուհուց՝ Լիլիթ Շահնազարյանից, ով նույնիսկ ստիպված եղավ մի հուզիչ հայտարարությամբ հանդես գալ: Մարդիկ քննարկեցին ոչ միայն նոր հարսնացուի հոր նախկին քաղաքական հայտարարությունները, այլև նրա սկեսրոջ հիվանդության պատճառով պսակադրության հետաձգումը: Մի խոսքով մի նոր ռոմանտիկ իրապատում՝ քաղաքական ելևէջներով:

 4.    Արմեն Մուրադյան

Հանրության ուշադրության երբեմնի սիրահարն այս ամիս ամեն ինչ կաներ, որ չլիներ այդ ուշադրության կիզարանում: Խոզի գրիպի դժնդակ լուրը հայտնած և մարդկանց մահվան ու հիվանդների թվի աճի մասին պարբերաբար տեղեկացումներ տվող նախարարը այս ամիս հոգնատանջ դեմքով պարբերաբար հայտնվում էր լրագրողների հարցապնդումների, հանրության կասկածների ու դժգոհության թիրախում: Նրա համաճարակային գործունեության վերջնական գնահատականը դեռևս տրված չէ, սակայն մարդիկ արդեն իսկ քավության նոխազ են որոնում այս դաժան փորձության հետևանքներն այդ նոխազի հետ այրելու ու մոռացության մատնելու նպատակով:

 3.    Հրանտ Մարգարյան

Երկար սպասված կոալիցիոն պայթյունը տեղի ունեցավ, և նա հայտարարեց, որ դա իրապես քննարկվում է: Հանրությունը սկսեց դաժանաբար պախարակել և անարգանքի սյունին գամել հարյուրամյա կուսակցությանը, ասես թե իշխանությունների հետ սահմանադրական երկարատև սիրավեպից հետո հնարավոր էր որևէ այլ արդյունք ակնկալել: Այսպիսով, ՀՀԿ-ի հետ խոր ներդաշնակության շրջան անցնող դաշնակցությունը և յուր առաջնորդը, չդավաճանելով իրենց հին ընկերոջը՝ օրվա իշխանությանը, դարձել են հանրային բուռն և բացասական քննարկման առարկա:

 2.    Գևորգ Սաֆարյան

Տարին սկսվեց նրա ազատազրկումով: Տոնածառով Ազատության հրապարակ մուտք գործելը, ոստիկանների հետ լեզվական և այլ մարտերը նրան ի վերջո հասրեցին կալանավայր: Նրա անձի կարևորումը և քննարկումը առավել ընդգծվեց Human Rights Watch միջազգային հեղինակավոր կազմակերպության հայտարարությամբ: Մարդիկ դժնդակ ընկալեցին ոչ այնքան նոր քաղաքական կալանավորի առկայությունը (դա արդեն դառնում է սովորական երևույթ), որքան նրա կալանավորումը տոնական օրերին, այն էլ մարդկանց «Ֆեյսբուքով» վիրավորած ոստիկանի հետ բախման պատճառով: Ազատազրկման վայրում նրա կյանքին վտանգ սպառնալու մասին տեղեկություններն էլ պարբերաբար թեժացրեցին նրա անձի շուրջ աղմուկը:

 

  1. Շուշան Պետրոսյան

Նա Շմայսի բառապաշարով և հայրենասիրությամբ հարձակվեց բանակին նեղացնող երիտասարդի վրա, որից հետո հայրենասիրական երգերով հանրությանը երբեմնի ոգեշնչողը  ենթարկվեց այդ հանրության մի հատվածի դաժան ծաղրանքին ու հարձակումներին: Այդ ամենից հետո նա չլռեց, ինչպես վարվում են իր ավելի փորձառու կուսակիցները նման իրավիճակներում, և կրկին հարձակվեց իրեն քննադատողների վրա՝ նրանց անվանելով «բիգուդիով տոլմա փաթաթողներ»: Նրա վրա թափվեց հանրային ատելության երկրորդ ալիքը, իսկ նա գնաց դաշնակցական-կոալիցիոն հեռուստաընկերություն և այնտեղից փորձեց սաստել իրեն պախարակողներին: Սխալ սխալի հետևից, և նա դեռ շարունակում է մնալ ամենադաժան ու ակտիվ քննարկումների զոհը:

 

Նաև շատ այլ գործիչներ են հավակնել դառնալ ամենաքննարկվածը այս ամիս, սակայն եթե հանրային գործիչն իր լավ կամ վատ գործերով մեր տվյալ տասնյակում չէ, ապա գոնե այս ամիս և այս համատեքստում նրան հիշատակելու կարիք չկա:



Շաբաթի թղթակցակազմի ու իր դիտարկումները ամփոփեց և ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

 

Լրահոս

Դիտել ավելին