Կարևոր իրադարձություններ

Առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկը բանակ էր զորակոչվել. բժիշկը դատապարտվեց տուգանքի

17 Հոկտեմբեր, 2015 12:32
Առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկը բանակ էր զորակոչվել. բժիշկը դատապարտվեց տուգանքի
Բժշկի անփութության հետևանքով առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկին բանակ զորակոչելու վերաբերյալ գործով բժիշկ Վիկտոր Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ի մասով՝ պաշտոնեական անփութությունը, և դատապարտվել տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով: 
 
Ըստ մեղադրանքի՝ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Վիկտոր Սահակյանը, Մարտունու զինկոմիսարիատի կողմից ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կապակցությամբ համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով բժշկական կենտրոն ուղեգրված Կարենին ներքին օրգանների սոնոգրաֆիկ հետազոտության ենթարկելու ժամանակ ոչ պատշաճ կերպով է իրականացրել իր պարտականությունները և չի հայտնաբերել նրա մոտ առկա պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմք հանդիսացող «Լյարդի 8-րդ սեգմենտի կրակալված էկինոկոկկային կիստա» հիվանդությունը: 
 
Բժիշկը Մարտունու զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին տրամադրել է տեղեկանք այն մասին, որ Կարենի ներքին օրգաններում որևէ առանձնահատկություններ և պաթոլոգիկ գոյացումներ չեն հայտնաբերվել, ինչի հիման վրա էլ փաստացի պարտադիր ժամկետային զինծառայության համար ոչ պիտանի   Կարենը հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինծառայության համար պիտանի և 14․07․2014թ․ զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ ժամկետային զինծառայության։
 
Բժշկին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
 
Առաջադրված մեղադրանքում բժիշկ ամբաստանյալը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել, որ իր կողմից տվյալ հիվանդությունը Կարենի մոտ չի հայտնաբերել: Նա հնարավոր է համարել, որ Կարենի մոտ տվյալ հիվանդությունը  առաջացած լինի  ծառայության ժամանակ մրսելուց, սթրեսներից, ընկերոջ հետ վիճելուց, կեղտոտ բանջարեղեն ուտելուց և այլն: Ըստ նրա՝ վարակումից հետո 3 ամիս անց բուշտը դառնում է 3-4 սմ չափերի: 
 
Բժիշկ ամբաստանյալի վարկածով՝ կա՛մ գոյացումը չի եղել, կա՛մ էլ նա վարակվել է բանակում, առաջացել է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով, նպաստել է էխոնոկկին և ավելի անատոմիական է դարձել:
 
Բժիշկն  իր ցուցմունքում հայտնել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում ախտորոշում դրվում է  90-95%   կլինիկայի հիման վրա, սակայն այս դեպքում կլինիկա չի եղել, ցավ չի եղել, գանգատ չի եղել: Նա պարզաբանել է, որ էխոնիգոգը այնպիսի պարազիտ է, որի կրողի մոտ  հնարավոր չէ, որ կլինիկա չլինի, հնարավոր չէ, որ հարազատները չնկատեին տղայի թուլությունը, փսխոցը, մեզի գույնի փոփոխությունը: Նման զգացողություն չունենալը և էխինոկկոկը անհամատեղելի են, նշել է բժիշկը:
 
 
Տուժող Կարենն էլ իր հերթին ցուցմունք է տվել այն մասին, որ  16 տարեկանում  «Մարտունու զինկոմիսարիատում» ենթարկվել է նախազորակոչային կցագրման, որտեղ անցնելով համապատասխան բժշկական հետազոտություններ,  իր մոտ հայտնաբերվել է հարթաթաթություն:
 
2014 թվականի ամառային զորակոչի ժամանակ Կարենը կրկին ներկայացել է զինկոմիսարիատ, անցել է համապատասխան բուժհետազոտություններ, այդ թվում՝ «Մարտունու հիվանդանոցում» ենթարկվել է սոնոգրաֆիկ հետազոտության, որի ընթացքում իր ներքին օրգաններում որևէ ախտաբանական երևույթներ չեն հայտնաբերվել, համենայն դեպս այդպես են ասել տղային և բժշկական փաստաթղթերի մեջ այդ կերպ էլ նշվել է: 
 
Այնուհետև զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի որոշմամբ Կարենը ճանաչվել է պիտանի ժամկետային զինծառայության համար, սահմանափակումով՝ կապված հարթաթաթության հետ: 
Ծառայության ընթացքում Կարենին 10 օր տևողությամբ  արձակուրդ է տրամադրվել, սակայն նա հիվանդացել է ջրծաղիկով  և  ստացիոնար բուժում ստացել « ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինհոսպիտալ»-ում:
 
Բուժման ընթացքում նա ենթարկվել է մի շարք հետազոտությունների, կատարվել է սոնոգրաֆիա, որի ժամանակ էլ նրա լյարդի մեջ հայտնաբերել են բուշտ, ինչի կապակցությամբ էլ  վիրահատվել է, որից հետո ներկայացել է ՀՀ ՊՆ ԿՌԲՀ-ի նիստին, որի որոշմամբ՝  բուշտի հայտնաբերման կապակցությամբ,  ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար և զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր:
Զորակոչի ժամանակ լյարդի բուշտը չհայտնաբերելու հետ կապված Կարենը  որևէ անձի նկատմամբ որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել: 
 
Նշենք նաև, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության  համաձայն՝  Կարենը  տառապել է  «Լյարդի 8-րդ սեգմենտի կրակալված էխինոկոկկային կիստա» հիվանդությամբ, որի կապակցությամբ վիրահատվել է 2015 թվականին:  Նշված հիվանդությամբ մարդը վարակվում է ինչպես կեղտոտ բուսականությունից, այնպես էլ կենդանիների հետ շփումից կեղտոտ ձեռքերով բերանի միջոցով վարակի ներթափանցմամբ:
 
Փորձաքննության եզրակացության համաձայն,  հիվանդության առաջացման ստույգ ժամանակն   որոշել հնարավոր չի եղել, սակայն դատելով վիրահատության ժամանակ նկարագրված էխինոկոկկի ֆիբրոզ կապսուլայի առկայությունից և արտահայտվածության աստիճանից, փորձագետները եկել են այն եզրակացության, որ նշված էխինոկոկկային բուշտը առկա է եղել դեռևս 2014թ. մարտ ամսվա դրությամբ: 
 
Ըստ փորձաքննության եզրակացության՝ Կարենի մոտ 2014 թվականի դրությամբ առկա հիվանդությունը հնարավոր էր    հայտնաբերել մինչև ՀՀ ԶՈՒ զորակոչվելը՝  զորակոչային հանձնաժողովի կողմից զորակոչի ժամանակ որովայնի օրգանների ուլտրաձայնային սոնոգրաֆիկ հետազոտությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին