Կարևոր իրադարձություններ

Մի քանի հազար էջ փաստաթղթեր են. աշնանը Ապրիլյանի հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի. «Ժողովուրդ»

04 Հունիս, 2020 09:14
 Մի քանի հազար էջ փաստաթղթեր են. աշնանը Ապրիլյանի հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր ավարտվում է Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովում այս ընթացքում հրավիրվել են նախկին իշխանության ներկայացուցիչները, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ եւ այլք։ Հրավիրվածներից միայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ հանձնաժողով ու բացատրություններ տալ։

Ընդ որում, նա արդեն երկու անգամ է հրաժարվել ներկայանալ հանձնաժողովի նիստերին եւ պատասխանել պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախապես հայտարարվածի համաձայն՝ քննիչ հանձնաժողովի անդամներն Արցախ չեն գնա՝ պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով եւ վարակակիրների թվի շեշտակի աճով: Ավելին, նրանք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ կզրուցեն տեսակապով, եւ չի բացառվում, որ դա հենց այսօր տեղի ունենա: Եվ չնայած այսօր հանձնաժողովի աշխատանքի ժամկետն ավարտվում է, սակայն եզրակացությունը հրապարակվելու է միայն աշնանը: Մինչ այդ հանձնաժողովը դեռ լրացուցիչ աշխատանքներ է իրականացնելու զեկույցի վրա, որը մի քանի հազար էջից է բաղկացած լինելու: Երեկ այս առնչությամբ հանձաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը նշեց. «Բակո Սահակյանի հետ տեսակապով կզրուցենք. եթե էլի մարդ լինի, իրենց հետ նույնպես տեսակապով կզրուցենք: Շատ կարճ զրույց ենք ունենալու, շատ հարցեր չունենք, կարծեմ 10 կարգի հարց ունենք Բակո Սահակյանին: Ասեմ՝ մի քանի հազար էջ փաստաթղթեր են, որոնք պահանջել եւ ստացել ենք: Չհաշված տեսագրությունները՝ ամեն հանդիպումը տեւել է 4-5 ժամ: Կփորձենք մինչեւ օգոստոս անել. եթե չեղավ, սեպտեմբերի նստաշրջանի սկսելուն պես մեր զեկույցը կլինի: Նկատենք, որ հանձնաժողովի ստեղծումը շատերն էին անարդյունավետ համարում՝ ընդհուպ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Եվ հիմա հետաքրքիր է՝ մեկ տարվա աշխատանքի արդյունքում, ի վերջո, ինչ է արել հանձնաժողովը, եւ ինչպիսի եզրակացություն կներկայացնի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին