Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության առաջնորդի թափուր տեղի հավակնորդները. Top 10

16 Հունվար, 2016 11:53
Ընդդիմության առաջնորդի թափուր տեղի հավակնորդները. Top 10

Հաջորդ խորհրդարանում ընդդիմադիր տեղերի մրցավազքն սկսված է: Ընդդիմության առաջնորդի թափուր հաստիքի համար կռվում են թե՛ իրական ու ավանդական ընդդիմադիրները և թե՛ իշխանությունների կողմից ստեղծված ու սնուցվող նախագծերը: Եվ այսպես, այդ տեղի ամենախոստումնալից մրցակիցներն են.

 

10. Վարդան Օսկանյան

Ամենաինտելեկտուալ ու ազդեցիկ ընդդիմադիրներից մեկը զբաղեցնում է այս տասնյակի վերջին տեղը միայն այն պատճառով, որ չի հստակեցնում ու հրապարակում իր ներկայիս իրական հարաբերությունները երկրորդ Նախագահի հետ: Նախկին արտգործնախարարը պարբերաբար հայտնվում և հեռանում է հանրային ակտիվ քննարկումների թատերաբեմից, սակայն կայուն կատարում է իշխանություններին նյարդայնացնելու իր գործառույթը:

 9.    Արա Աբրահամյան

Նա Կեսարի պես եկավ, տեսավ, բարկացրեց, մի քիչ էլ զվարճացրեց, բայց դեռ չհաղթեց ընդդիմադիրների այս մրցավազքում: Դասական իմաստով նա նույնիսկ ընդդիմադիր չի ներկայացել: Սակայն բոլորն են հասկանում, որ իշխանությունների հետ նրա եղբայրական շփումների հետևում թաքնված է հենց այդ իշխանություններին փոխարինելու մեծ ցանկությունը: 

 

8. Տիգրան Ուրիխանյան

Դեռևս անհասկանալի դիրքավորմամբ այս բարետես ու քաղցրաձայն ընդդիմադիրը սուր ելույթի խոստումներ է տալիս, բայց դրանք դեռևս սուր են միայն ԲՀԿ-ական մյուս ելույթների համեմատությամբ: Իրականում ակնհայտ են այս գործչի ընդդիմադիր պոտենցիալն ու հռետորական տաղանդը, բայց գաղտնի են մնում նրա իրական նպատակներն ու հովանավորները:

 7.    Արթուր Բաղդասարյան

Նա կարողացավ մոռացության մատնել իր ոչ այնքան ընդդիմադիր անցյալը, ինչպես նաև հանրային շրջանառությունից հանել ՕԵԿ-ն ու այլ ոչ հաճելի հապավումները: Նա այլ մրցակիցների համեմատ անխոս տիրապետում է հսկայական ռեսուրսների` փողեր, կապեր, հեռուստատեսություն, կայքեր, մեծ քաղաքական փորձ: Բայց ընդդիմադիրների մրցավազքում հաղթանակի համար նրան մի աննշան բան է խանգարում` քչերն են հավատում նրա ընդդիմադիր լինելուն:

 6.    Էդմոն Մարուքյան

Ձայնային և մտքային որոշակի տվյալներ ունեցող այս նախկին իրավապաշտպանը կարողանում է լեզու գտնել թե՛ պահպանողական նժդեհականների և թե՛ լիբերալ արևմտամետների հետ: Նրա թիմում են հավաքվել հանրությանն անհայտ մի քանի տասնյակ ինտելեկտուալներ և մեկ ճանաչված լրագրող: Այս փոքրաթիվ թիմով և իշխանական առանձին անհատներից ֆինանսավորվելու կասկածներով նա բավական լավ դիրքերից սկսում է ընդդիմադիրների մրցապայքարը:

 

5. Ժիրայր Սեֆիլյան

Նրա ընդդիմադիրության փառահեղ օրերն ասես անցյալ են դառնում: Նա շռնդալից խոստումներով մարդկանց անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից կանչեց Ազատության հրապարակ, խոստացավ արագ հեղափոխություն, բայց ահա արդեն 45 օր է, ինչ ընդդիմադիր երազանքն անկատար է: Այլ հանգամանքներում և այլ երկրներում նման զարգացումներից հետո քաղաքական գործչի կարիերան ավարտված կլիներ, սակայն սա Հայաստանն է, և այստեղ վերջն արդեն չի երևում: Ի վերջո, միայն ազնվության և անկասկած ընդդիմադիր լինելու համար նա կարող է պահպանել իր դիրքերն այս տասնյակում:

 

4. Զարուհի Փոստանջյան

Խորհրդարանական ընդդիմության ամենաագրեսիվ պատգամավորը նաև ամենաարդյունավետն  է գործում հեղափոխական ընդդիմության շարքերում: Արևմտյան կողմնորոշմամբ, չորս երեխաների մայր, Արևմտյան Հայաստանի մոլի երազող, խորհրդարանական Ժառանգության վերջին այս մոհիկանը չի դադարում վրդովեցնել իշխանություններին, սակայն աստիճանաբար մնում է միայնակ ու դառնում հուսահատ: Րաֆֆին ու Արմենն էլ պատրաստ չեն իրենց տեղը վերջնականապես զիջել կնոջը և վերջապես կենդանություն տալ երբեմնի արդյունավետ ու սիրված կուսակցությանը:

 

3. Նիկոլ Փաշինյան

Նա միշտ և նորից օրիգինալ է: Իրեն մեղադրողներին նա ժամադրեց իր գրասենյակում և ակնհայտորեն պատրաստվում է պախարակել «բազարից աբխադիտ լինողներին»: Նրա բոցաշունչ ելույթներն ակնհայտորեն լավագույնն են հռետորական արվեստի, հումորի և օբյեկտիվ քննադատության տեսանկյունից, սակայն հաստատապես անվտանգ են իշխանության ամուր դիրքերի և հաղթողական նախաձեռնությունների համար: Նա հաղթում է Զարուհուն սեփական կուսակցությունն ունենալու հանգամանքով, Սեֆիլյանին` պրագմատիկ քայլերով, Էդմոնին` իր տաղանդներով, հմայքով ու հետևորդների բազմաթվությամբ, մյուսներին` իր ընդդիմադիր անցյալով և հանրային շատ ավելի մեծ վստահությամբ:

 2.    Լևոն Զուրաբյան

Նախորդ տարվա ամենաարդյունավետ ընդդիմադիրը զերծ է իշխանությանը ծախված լինելու կասկածներից: Նա դեռ պայքարում է սեփական կուսակցությունում իր անվանակցի ստվերից դուրս գալու համար, սակայն սահմանադրական փոփոխությունների ընթացքում բոլորին ապացուցեց, որ կարող է հանդես գալ խարիզմատիկ, կազմակերպված, ազնիվ և ոգեշնչող առաջնորդի դերում: Նրա հիմնական մրցակիցն իր ներկայիս խմբակցության անդամ Նիկոլն է, որի ցանկալի և ձեռնտու հանրային «դիմակազերծումը» Զուրաբյանին կդարձներ այս տասնյակի անվիճելի և անհաս հաղթողը` գոնե այս փուլում:  

 

1.    ՆՈՐ ԴԵՄՔ

Այս խորհրդավոր ու միֆիկ կերպարի գալստյան հույսը հայ ժողովուրդը երբեք չի կորցնում: Նա կգա լիովին մաքուր, առանց որևէ կեղտոտ փողերի ու հովանավորության: Սասունցի Դավթի պես կկտրի բոլոր Մսրա Մելիքների գլուխները և կբերի արդարություն, բարօրություն և ծովից ծով Հայաստան: Տեսականորեն հնարավոր է այս հեքիաթի իրականացումը, սակայն անհասկանալի է, թե ինչպես է դա արվելու առանց փող, առանց ռեսուրս, առանց քաղաքական կենսագրության:

 

P.S.

Ընդդիմության սուրբ տեղի համար տեսականորեն կարող են պայքարել նաև ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն, սակայն վստահաբար հանրությունն ավելի հեշտորեն կհավատա ՀՀԿ-ի ընդդիմություն լինելուն, քան այս երկու ուժերի: Ընդդիմության դաշտում գործող կամ գործելու պատրանք ստեղծող այլ անհատների կամ ուժերի մասին գոնե այս համատեքստում և այս տասնյակում խոսելն  անիմաստ է:  Իսկ թե ով կհաղթի այս մրցապայքարում, ցույց կտան հետագա զարգացումները և ընդդիմադիրների մասին մեր հաջորդ Թոփ տասերը:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին