«Ես անդրադարձել եմ Ռոմանոս Պետրոսյանի հոգեվարքին և ասել եմ, որ հավանաբար մարզպետը գերագնահատել է իր կարողությունները ղեկավարների մոտ,և հիմա քանի որ ժողովուրդն իրեն անակնկալ է մատուցել նա ընկել է հոգեցունց վիճակի մեջ» ,- անդրադառնալով այսօր ԱԺ-ում Կոտայքի Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարություններին՝ Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը.
«Հոգեցունց մարդուց ողջամիտ հայտարարություններ երբեք պետք չի ակնկալել,առավել ևս մենք ըմբռնումով ենք մոտենում իր հոգեվիճակին: Լավ կլինի, որ մարզպետը իր ենթակայության տակ գտնվող համայնքների խնդիրներով զբաղվի, թե’ Չարենցավանում,թե’ Հրազդանում և թե՛ Աբովյան համայնքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, և այսօր մարզպետը չի մարսում իր պարտությունն ու հայտարարոթյուններ է անում:
«Աբովյան քաղաքի հաղթող թեկնածուն և իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են արել՝ կիրառելու հին, «քրեաօլիգարխիկ» գործիքակազմեր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը,որին ի պատասխան Գևորգ Պետրոսյանն ասում է.
«Քրեաօլիգարխիկ» համակարգ ասելով չգիտեմ՝ ում նկատի ունի,բայց կարելի էր չանտեսել նաև իր եղբորը,ով Ռոմանոս Պետրոսյանի մարզպետ դառնալուց հետո կերպարանափոխվել է:Սկսել Է մարդկանց ծեծել, հետապնդել: Մեր խմբակցությունում «քրեաօլիգարխիկ» մարդիկ չկան:Գուցե մարզպետի համարձակությունն է շատացել և իրեն հաշիվ չի տալիս,բայց իր քաղաքական ղեկավարը հայտարարել Է,որ հեղափոխությունը հաղթել է Աբովյանում,հիմա ինքը ինչի՞ դեմ է, վիճարկու՞մ է իր ղեկավարի խոսքերը»:
Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի այն հայտարարությանը, թե «քաղաքը չենք ուզում դարձնել գործ տվողների քաղաք», Ռոմանոս Պետրոսյանը «քրեաօլիգարխիկ» է համարել նաև այդ հայտարարությունը, որին ի պատասխան Գևորգ Պետրոսյանը նշեց.
«Էդուարդ Բաբայանը «քրեաօլիգարխիկ» չէ, Բաբայանը նկատի է ունեցել, որ Աբովյան քաղաքը ավանդապաշտ մարդկանց քաղաք է,և քաղաքում պետք է ստեղծվի աշխատելու մթնոլորտ,ստեղծագործելու մթնոլորտ,պետք չի, որ քաղաքում իրենց լավ զգան բանսարկունեըը,ովքեր անելիք չունեն և լծվել են պախարակելու համար.դա է նկատի ունեցել Բաբայանը »,- ընդգծեց Պետրոսյանը հավելով նաև, որ մարզպետը իր բոլոր քայլերով ցույց է տալիս,որ այդքան մեծահոգություն չունի՝ արժանպատվորեն մարսի պարտությունը.
«Այն քայլերը,որ իր թիմը թույլ է տալիս,և թույլ է տվել՝ ամեն գնով հասնել ինչ –որ դիրքերի, այդ թվում նաև՝ շինծու, ձևականացված տեսարաններով, բնակարաններ և մեքենաներ այրելով ,անգամ, դա իրենց հաջողություն չբերեց: Այնպես որ, լավ կլինի՝ ինքը իր կարգավիճակը չմոռանա և ձեռնամուխ լինի՝ իր պարտականությունների կատարմանը»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Հեղինակ՝ Աննա Ղազարյան