Կարևոր իրադարձություններ

Ինչպես սահուն և անցավ իրականացնել դատական համակարգի «վիրահատությունը». խորհուրդներ վարչապետին

29 Մայիս, 2019 21:26
Հեղինակ՝ Վարդան Այվազյան
Ինչպես սահուն և անցավ իրականացնել դատական համակարգի «վիրահատությունը». խորհուրդներ վարչապետին

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գաղտնիք չէ, որ այսօրվա մեր դատական համակարգի ներկայացուցիչների զգալի մասը, ներառյալ սահմանադրական դատարանի դատավորները, իրենց պաշտոններն ստանձնել են 2005 թ․ սահմանադրական կարգավորումներով, որն այսօրվա իրողության հետ որևէ աղերս չունի։ 2015 թ․սահմանադրական փոփոխությունների արդյունքում որակական առումով էապես փոխվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների գործառնական առաքելությունը, ինչին այսօր ականատես ենք։ մինչդեռ դատական համակարգը շարունակում է դոփել իր տեղում։ 

Պատճառն ավելի քան պարզ է։ 2015 թ․ սահմանադրական փոփոխությունների հեղինակները, ելնելով իրենց իսկ անձնական նեղ շահերից, Սահմանադրության անցումային դրույթների միջոցով մեր երկրի դատական համակարգը վերածեցին քաղցկեղածին մետաստազների։ Արդյունքում մտածված կերպով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը ստանձնած անձը գործի դրեց իր պաշտոնի անփոփոխելիության դրույթը, որի արդյունքում մեր գործող սահմանադրության մեջ սահմանադրական դատարանի դատավորներին և նախագահին վերաբերող դրույթները դարձան մեռելածին։ Նույնը վերաբերում է նաև դատական համակարգի մյուս օղաներին։ Մենք այսօր ընկղմվել ենք խորը համակարգային հակամարտության մեջ, երբ ունենք նախկին չգործող սահմանադրության և օրենքների տրամաբանությամբ ձևավորված դատական համակարգ, որը չի համապատասխանում գործող սահմանադրությանն ու օրենքներին։ 

Ո՞րն է խնդրի լուծումը։ Անհրաժեշտ է արագ կերպով նախաձեռնել գործող սահմանադրության անցումային դրույթների՝ 213 և 215 հոդվածների փոփոխություն։ Այդ դրույթների փոփոխությունը կատարվում է բացառապես Ազգային ժողովի կողմից, և չի պահանջվում հանրաքվեի կազմակերպում։ Անհրաժեշտ է այդ դրույթները վերաձևակերպել այնպես, որպեսզի այն բոլոր դատավորները, որոնք նշանակվել են մինչև այօրվա գործող սահմանադրության ուժի մեջ մտնելը, պարտադիր կերպով անցնեն վերանշանակման գործընթաց այսօրվա գործող սահմանադրության և օրենքների կարգավորումներով։ Արդյունքում հնարավոր կլինի օրենսդրությամբ հըթացս սահմանել նոր չափանիշային համակարգ, որն իր մեջ կպարունակի վեթինգի բաղադրատարրեր։ Այս սահմանադրական փոփոխությամբ հնարավոր կլինի ազատվել անցանկալի և անարժան դատավորներից։ Սահմանադրական այս փոփոխությունը անխոցելի կլինի նաև օրենքի հետադարձ ուժի տեսանկյունից, քանզի այն վերաբերում է անձին, այլ ոչ թե պետական մարմնի պաշտոնատար անձին՝ դատավորին։
Անհրաժեշտության դեպքում ավելի կբացեմ փակագծերը և կներկայացնեմ ամբողջ գործընթացի մանրամասները»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին