Կարևոր իրադարձություններ

Լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ վարչապետին նամակ են գրել

21 Մարտ, 2019 12:00
Լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ վարչապետին նամակ են գրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ նամակ է ստացել, ըստ որի՝ «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն երեք ամիս է, ինչ վարձատրություն չեն ստացել:

«Ես ուզում եմ հասկանամ՝ սենց բան հնարավոր ա՞ 21-րդ դարում Հայաստանում, որ մարդիկ՝ պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան»,- հարցրել է Նիկոլ Փաշինյանը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ի պատասխան նշել է, որ անցած տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են դրամաշնորհով, այս տարի մրցութային ֆինանսավորում պետք է լինի, ծրագրի իրականացնողները սրա հետ կապված առարկել են, իրենք բանակցել են, նախագիծ են պատարստել, որը վաղը կոմիտեի նիստին կքննարկվի և հաջորդ շաբաթ կընդունվի:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շեշտեց, որ սա պետական աշխատողներին չի վերաբերում, այլ ՀԿ-ի կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին:

«Պարոն Ջանջուղազյան, էս ամեն ինչը պարզ ա, եթե պետական բյուջեում էդ փողը կա, այսինքն՝ պետությունը կարևորել է այդ ծառայության մատուցումը, հիմա երեք ամիս ա, էդ ծառայությունը մատուցվել ա, մարդիկ իրենց վճարը չեն ստացել: Սա աննորմալ երևույթ ա: Հիմա կարող ենք անունը դնել մրցույթ, բայց ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց են հնարավոր դառնում սենց երևույթները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցն ընդգրկել այսօրվա օրակարգում:

 

Լրահոս

Դիտել ավելին