Կարևոր իրադարձություններ

Սա մարդու կյանք է, որը ավելի թանկ է , քան ընտրությունները. իրավապաշտպանը՝ զինվորի մահվան մասին

03 Դեկտեմբեր, 2018 18:12
Սա մարդու կյանք է, որը ավելի թանկ է , քան ընտրությունները. իրավապաշտպանը՝ զինվորի մահվան մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ   ՊԲ զինծառայողի՝ երկու օր առաջ տեղի ունեցած մահվան դեպքի մասին ( նկատի ունենալով դեկտեմբերի 1-ին մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանի դեպքը) մինչև գրառման պահը պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածվել  և  քաղաքական դաշտը զբաղված է  ավելի կարևոր գործով՝ քարոզարշավով:

Shabat.am  լրատվականը այս թեմայով զրուցեց Ժաննա Ալեքսանյանի հետ, ով պատասխանելով մեր այն հարցին, թե  արդյոք գործող իշխանությունը բանակում առկա անօրինականություններն ու հանցագործությունները թաքցնելու միտում ունի՝ նշեց.

«Ես չեմ կարծում, որ նոր իշխանությունները հակում ունեն թաքցնելու այդ հանցագործությունները : Ավելի շատ անտարբերությունն է և հին ավանդույթը, անլուրջ վերաբերմունքը: Չգիտեմ, գուցե այս ընտրություններից հետո փորձեն շտկե՞լ իրավիճակը: Քննչական մարմինների աշխատանքը շատ դժվար է: Իրոք քաղաքական կամք է պետք, որ իրենք այդ ամեն ինչը փոխեն: Գիտեմ՝  վարչապետը այս ընթացքում ընդունել էր մահացած զինծառայողների ծնողների: Սակայն,  ես տեսնում եմ, որ այդ ընթացքից,  ինչպես եղել է տարիներ շարունակ, դժվար կարողանան հրաժարվել. ի նկատի ունեմ՝ քննչական մարմինները:

 Վարչապետը պետք է խիստ հանձնարարականներ տա և խստագույնս հետևի, որ հատկապես բանակում տեղի ունեցած դեպքերի քրեական գործերը բացահայտվեն: Օրինակ՝ երեկ չէ առաջին օրվա դեպքը: Ես իմացել եմ այդ մասին, իսկ նրանք պաշտոնական հաղորդագրություն տարածել են երեկ ժամը չորսի կողմերը՝ այսինքն գրեթե մեկ օր հետո: Դա ո՞նց կարելի է: Սա մարդու կյանքն է, որն ավելի թանկ է քան այդ ընտրությունները: Ես չեմ կարծում, որ վարչապետը կոծկելու մտադրություն ունի»:

Մեր այն հարցին, թե բանակում տեղի ունեցող շատ դեպքեր, երբ հայտարարվում են, որպես ինքնասպանություն, դա իրո՞ք այդպես է, թե՞ պարզապես  ներկայացվում են որպես ինքնասպանության դեպքեր, զրուցակիցը պատասխանեց.

«Տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ դրանք ինքնասպանություններ չեն: Մեր բանակում չկան այդպիսի տարածված ինքնասպանություններ: Բազմիցս ականատես եմ եղել դատարաններում, թե ինչպես են դատախազության կեղծ մեղադրանքը դատարանները վավերացնում՝ որպես իրականություն, որպես ինքնասպանություն: Կարծում եմ՝ այս դեպքերը ցույց կտան, որ  քննչական մարմինները արմատապես փոխվելու կարիք ունեն, այդ կեղծիքները վերացնելու կարիք  ունեն առաջին հերթին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին