Կարևոր իրադարձություններ

«Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համարել․ Արթուր Ղազինյան

10 Հոկտեմբեր, 2018 11:06
Հեղինակ՝ Արթուր Ղազինյան
«Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համարել․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք քաղաքական միավոր չեմ համարել, քանի որ նրանք չեն ունեցել հստակ ընդգծված քաղաքական դիմապատկեր:

Թող ներեն ինձ իմ Հանրապետական ընկերները, սա ես նաև իրենց եմ ասել, ՀՀԿ միշտ ընկալել եմ օպորտունիստական միություն, որի անդամները այս կազմակերպությանը միանում էին հարստանալու կամ իշխանություն ստանալու ակնկալիքով` առանց հստակ ընգծված քաղաքական գաղափարախոսության:

Որոշակի կայունություն ՀՀԿ-ին ապահովում էր առաջնորդի նկատմամբ ունեցած հարգանքն ու նվիրվածությունը, սակայն իշխանությունից զրկվելու և անձնական վտանգի պարագայում այս էմոցիաները մղվում են 2-րդ պլան: ՀՀԿ-ն իրեն հռչակել էր ազգային-պահպանողական կուսակցություն, սակայն հենց ՀՀԿ բացարձակ իշխայության տարիներին Հայաստանում ակտիվացան զանազան հասարակական կազմակերպություններ և հիմնադրամները, որոնք, իրականացնելով, այսպես կոչված, իրավապաշտպան գործունեություն, կազմակերպում, միավորում, ամրացնում և իրենց թևի տակ էին վերցնում կրոնական, սեռական և այլ բնույթի փոքրամասնություններին:

Այս փոքրամասնություններն առավել «դուխով» դարձան հենց 2008 թվականից հետո, որոնցից վախենում և խուսանավում էին նույնիսկ ամենահզոր օլիգարխներն ու պաշտոնյաները:

ԲՀԿ-ն իմ կողմից մշտապես ընկալվել է որպես բիզնես պրոյեկտ, որն ամբողջությամբ կառուցված և հիմնված էր մեկ անձի կապիտալի և հնարավորությունների վրա և չուներ նույնիսկ թույլ գաղափարական ուղղվածություն: Այս կուսակցության հիմնական նպատակն էր քաղաքական տանիք դառնալ կուսակցության առաջնորդի համար և ապահովագրել վերջինիս իշխանության կողմից հնարավոր ճնշումներից: Իր ամբողջ գոյության ընթացքում «Բարգավաճ Հայաստանը» միայն մեկ անգամ է համարձակվել դրսևորել քաղաքական կեցվածք, որից հետո կուսակցության առաջնորդը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին:

Ցավոք սրտի, նույն պատկերն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագայում, որին` քաղաքական հստակ կողմնորոշում չունենալու պարագայում, սպառնում է օպորտունիզմի ապագան: Դեռևս հուլիսի սկզբին Փաշինյանին հորդորեցի հնարավորինս արագ կողմնորոշվել քաղաքական գաղափարախոսությունների ընտրության հարցում, չեղյալ հայտարարել «իզմերը» ժամկետանց ճանաչելու իր հայտնի հայտարարությունը, հռչակել կոնկրետ քաղաքական գաղափարախոսություն` տալով հնարավորություն գաղափարախոսական ընդդիմության ձևավորման համար:

Կոնկրետ և հասկանալի քաղաքական գաղափարախոսությունը հնարավորություն կտար իր շուրջը հավաքել իրական գաղափարակիցների, որոնք կուսակցության կողքին կմնային նույնիսկ ամենադժվար պահին: Իշխանական կուսակցության գաղափարախոսական հենքը իրական հնարավորություն կստեղծեր մրցակցային, գաղափարախոսության վրա հիմնված քաղաքական համակարգի ձևավորման համար` ապահովելով քաղաքական զսպումների և հակակշիռների գործուն համակարգ:

Լինելով օպտիմիստ և իրականում ցանկանալով Փաշինյանին հաջողել Հայաստանը փոխելու իր ցանկություններում, կարծում եմ, դեռ ուշ չէ և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ քաղաքական կատալիզատոր ապագաղափարական ուժերին քաղաքական մրցապայքարից դուրս թողելու և ապագա խորհրդարանում իրական գաղափարախոսական մրցապայքար ունենալու համար:

Հապաղելու դեպքում մենք կունենանք այն քաղաքական պատկերը, ինչ ունեինք մինչ այժմ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին