Կարևոր իրադարձություններ

«Պետք չէ ցույց տալ, թե իբր նոր Հայաստան եք սարքում. չկա նոր Հայաստան». Էդուարդ Շարմազանով

06 Սեպտեմբեր, 2018 15:29
«Պետք չէ ցույց տալ, թե իբր նոր Հայաստան եք սարքում. չկա նոր Հայաստան». Էդուարդ Շարմազանով

«Այս փաստաթուղթը չպետք է ձեռքի հետ, ոտքի վրա բերել ԱԺ և շտապ ընդունել։ Ցանկացած փաստաթուղթ պետք է ունենա համապատասխան ձև և բովանդակություն»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝  նկատի ունենալով կառավարության ներկայացրած  ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

«Մենք շատ լավ հիշում ենք, որ մեր այսօր իշխանության ներկայացուցիչները, երբ ընդդիմություն էին, շատ դեպքերում քննադատում էին մեզ և մեր կառավարության  ներկայացուցիչներին, որ լինում են օրենսդրական նախաձեռնություններ, որոնք շտապ կարգով գալիս են և բովանդակային առումով չեն համապատասխանում այս դահլիճում քննարկման կարևորությանը։ Ուստի, հարգելի կառավարություն, որևէ բան չի փոխվել, կառավարություն և ԱԺ հարաբերություններում, մենք ձեր գործընկերներն ենք, բայց պահանջում ենք՝ այսուհետ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելիս՝ առաջնորդվել ոչ թե քաղաքական շահով, այլ օրենքին տաք համապատասխան տեսք։ Խնդրում եմ՝ հաշվի առեք այն բոլոր մտահոգությունները, որոնք բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն ասացին»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Շարմազանովը չի կարծում, թե կա մի քաղաքական ուժ, որը դեմ է այդ օրենսդրական նախաձեռնության գաղափարին, բայց, ըստ նրա՝ ձևակերպումները թերի են. «Համամիտ եմ Արամ Սարգսյանի հետ, որ չպետք է վհուկների որսի վերածենք ցանկացած օրենսդրական նախաձեռնություն։ Ընդհակառակը, ժողովրդավարությունը հուշում է, որ դու ոչ թե պետք է խստացնես քրեական պատասխանատվությունը, այլ ապաքրեականացնես։

Ժողովրդավարությունից եք խոսում. ամբողջ Եվրոպան դրան է գնում։ Մարդկանց բռնելու այդ մոլուցքից դուրս եկեք։ Իհարկե, ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի, բայց այստեղ կա հանրային իրազեկման խնդիր։ Մի քանի օրում այդ 3 մլն բնակչությանը ո՞նց եք իրազեկելու։ Պոտենցիալ կաշառք տվողը գուցե հասկանում է, բա էն ժողովուրդը։ Սա շատ լուրջ հարց է։ Մենք ձեր կցորդը չենք, գնացեք՝ այս օրենքը նորմալ նայեք»։

Նա հիշեցրեց, որ 2015թ. ընտրակաշառքի համար սահմանվել է քրեական պատասխանատվություն և կոչ արեց նոր իշխանություններին՝ ցույց չտալ, թե իբր նոր Հայաստան են սարքում. «Չկա նոր Հայաստան, Հայաստանը մեկն է՝ Հայկ Նահապետից մինչև այսօր։ Կա միասնական Հայաստան, որի սկիզբը դրվել է մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11-ին Խոշաբ գետի ճակատամարտում, որտեղ Հայկը հաղթեց Բելին, ու գնալու է դեպի հավերժություն։ Գործընկերներիցս մեկն այստեղ հանցագործության մասին հաղորդում տվեց՝ նշելով, թե այստեղ կան մարդիկ, որոնք ընտրակաշառք են տվել։ Դա հանցագործության մասին հաղորդում է, անուններ հնչեցրեք, չի կարելի գործընկերներին վիրավորել։ Այս ամբիոնից խոսելիս՝ 7 անգամ մտածեք, նոր խոսեք։ Ձեր շեֆն էր ասում՝ մտածեք, նոր խոսեք, ուրեմն՝ մտածեք, նոր խոսեք»։

 

Լրահոս

Դիտել ավելին