«Իմ տեղեկություններով, Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակումը կապված չէ նրա փաստաբանական գործունեության հետ: Ուղղակի այդ հատվածում բնակվող մեկը, որը նույնիսկ պարզվել է, որ մի քանի անգամ դատապարտված է եղել, ավազակային հարձակում է իրականացրել: Բայց Գեղամ Հակոբյանը շատ լավ կողմնորոշվել է և իրավիճակից դուրս է եկել:Հետո ինքն էլ բացահայտել է այս հանցագործությունը»:
Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փաստաբաննների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդարդառնալով հոկտեմբերի 14-ին փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակման միջադեպին:
«Ինքն է նկարել այդ անձին, տարել ներկայացրել ոստիկանություն, այսինքն բավականին պրոֆեսիոնալ քայլեր է ձեռնարկել»,-ասաց Արա Զոհրաբյանը, նկատելով, որ նմանատիպ հանցագործությունները կանխելու հարցը ոստիկանության դաշտում է:
«Հանցագործության թիրախը մարդն է, որևէ մեկս ապահովագրված չենք այդ թիրախը լինելու հարցում»,-ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը, հավելելով, որ դատապարտում է ցանկացած հանցագործություն:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գույք հափշտակելու դիտավորությամբ փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2015 թվականի հոկտեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 14:45-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արշակունյաց 16ա շենքի բակում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել Գեղամ Հակոբյանի վրա և վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` իր ձեռքում եղած ծալովի դանակով հարվածելու սպառնալիքով, գումար պահանջել։ Գ.Հակոբյանին հաջողվել է դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։