Կարևոր իրադարձություններ

Իրաքյան ուժերը տարածք են ազատագրել Անբարի նահանգում

14 Հոկտեմբեր, 2015 19:27
Իրաքյան ուժերը տարածք են ազատագրել Անբարի նահանգում

Իրաքյան ուժերը հոկտեմբերի 14-ին ազատագրել են Անբարի նահանգի Ռամադի քաղաքի հյուսիում գտնվող Իթթիսամ հրապարակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ազատագրելուց հետո Իրաքի դրոշը բարձրացվել է Ալբու Ֆիրաժ կամրջի վրա: ԻՊ-ի ահաբեկիչները կե նդանի ուժի մեծ կորուստներ են կրել, նաև ոչնչացվել է մեծ քանակությամբ զենք ու տեխնիկա: Տեղեկություններ կան, որ շատ ահաբեկիչներ փախուստի են դիմել Ալբու Ֆիրաժ շրջանից, իսկ անվտանգության ուժերը շարունակում են տարածքի ազատագրման գործողությունները:

Միևնույն ժամանակ իրաքյան օդային ուժերը Սալահ ադ Դին նահանգի Թիքրիթ քաղաքի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելիս «Իսլամական պետության» երկու ղեկավարների են սպանել: Օդային հարվածների թիրախում է հայտնվել ԻՊ-ի ղեկավարների նստավայրը, որտեղ այդ ժամանակ նիստ էր ընթանում: Բացի երկու, ղեկավարներից, ևս 24 ահաբեկիչներ են սպանվել:

Ավելի վաղ օդային հարվածների հետևանքով Անբարի նահանգի Ֆալլուջա քաղաքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

 

Լրահոս

Դիտել ավելին