Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի գաղտնիքը. «Ժամանակ»

16 Դեկտեմբեր, 2017 09:45
Սերժ Սարգսյանի գաղտնիքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հերթական հարցազրույցը բերեց նրա հետնախագահական կարգավիճակի վերաբերյալ դատողությունների, հարցադրումների հերթական ալիքին: Իրավիճակը իսկապես ուշագրավ է՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չունի իր անելիքի վերաբերյալ պատկերացում, չունի որոշում, եւ այդ ամենը կունենա, երբ կգա ժամանակը, եւ կհայտարարի, երբ կունենա պատկերացում, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչներն էլ շարունակում են համառորեն հայտարարել նրա հնարավոր վարչապետության եւ անբեկանելի առաջնորդության մասին: Գալուստ Սահակյանը, օրինակ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը: Միեւնույն ժամանակ, կարծես թե, մյուս ՀՀԿ-ականների շարքում էլ սկսում է ավելի շատ հնչել Սարգսյանի անունը՝ որպես վարչապետի իրենց թեկնածու: Առայժմ իհարկե ամեն ինչ մատուցվում է «անձնական կարծիքի» ռեժիմում, ինչպես 2012 թվականին ԲՀԿ-ն այդ ռեժիմում էր ներկայացնում Վարդան Օսկանյանի արմատական դիրքորոշումը իշխանության ու Սերժ Սարգսյանի հասցեին:

«Անձնական կարծիքը» Հայաստանի քաղաքական համակարգերում ունիվերսալ միջոց է պատասխանատվության հարցում մանեւրելու համար, որպեսզի հետո արդեն անձնական կարծիքին հակադիր որոշումներին կողմ քվեարկելիս ամեն ինչ բացատրվի կուսակցական կարգապահությամբ եւ նվիրվածությամբ: Այդպիսով, Սերժ Սարգսյանի «անձնական որոշման» բացակայության եւ ՀՀԿ-ականների «անձնական կարծիքի» գեներացման որոշակի հակադրությունը կամ հակասականությունը առաջացնում է հարց, թե ինչո՞ւ են կուսակցականները բացահայտ խոսում, իսկ Սերժ Սարգսյանը «ցրում» իր հետնախագահական կարգավիճակի թեման: Ինչո՞ւ է Սարգսյանն այդ թեման պահում գաղտնիք: Իրականում, սակայն, որքան էլ դժվար է թերեւս հավատալ, Սերժ Սարգսյանը գաղտնիք երեւի թե չունի, այլապես հազիվ թե նա ունենար այն թաքցնելու անհրաժեշտություն:

Սերժ Սարգսյանն իհարկե որպես քաղաքական գործիչ «դավանել» է «ծածկամտության» քաղաքականությանը, ինչը թերեւս ունի մի քանի պատճառ կամ շարժառիթ, սակայն հազիվ թե հնարավոր լինի դրանց շարքին դասել այսպես ասած վախը: Այլ հարց է հաշվարկը, երբ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ արտաքին իմաստով, որոնց բարենպաստ դասավորության հարցում համոզվելուց հետո միայն կարող է լինել որոշում: Այլ կերպ ասած՝ խնդիրն այն է, որ պարզապես չկա որոշում, որովհետեւ դեռեւս չկա հանգամանքների բարեհաջող դասավորության այնպիսի աստիճան, որը կտա որոշում կայացնելու հնարավորություն: Այստեղ, անշուշտ, առաջնային նշանակության գործոնների շարքում է նաեւ ուժային կենտրոնների հնարավոր վերաբերմունքը:

Սերժ Սարգսյանն անկասկած պարտադրված չէ կատարել որեւէ ցուցում, եւ ցուցում թերեւս չկա էլ, անգամ Ռուսաստանից, քանի որ այդ իմաստով Հայաստանի հարցում թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը թերեւս ունեն այսպես ասած՝ առավել հիմնարար եւ ռազմավարական մոտեցումներ, ձեւավորել են ամեն մեկն ըստ իր ազդեցության մասշտաբի գործունեության եւ ներկայացվածության մեխանիզմներ, որոնք որոշակիորեն անկախ են անձերից կամ, այսպես ասած, դիվերսիֆիկացված են անձերի միջեւ:

Հետեւաբար խնդիրն այստեղ ոչ թե Սերժ Սարգսյանին որեւէ որոշում պարտադրելն է, այլ ընդամենը այսպես ասած տրամադրության մակարդակում վերաբերմունքը նրա Առաջին դեմքի կարգավիճակը չզիջելու հնարավոր որոշման հանդեպ: Այդ որոշումն անշուշտ կլինի լիովին սահմանադրական, սակայն խնդիրն այն է, որ իրական քաղաքականության ռեժիմում ուժային կենտրոնները անկասկած լավ են պատկերացնում, որ խնդիրը առավել խորքային է, եւ քաղաքական բարեփոխումների տեսանկյունից, որի հանձնառությունն ի դեպ Հայաստանը վերցրել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրով, դե ֆակտո նվազագույնը անհրաժեշտ է, այսպես ասած, Սերժ Սարգսյանի գոնե առժամանակ հեռացումը իշխանությունից:

Այստեղ հարցը շատ կարեւոր է նաեւ արցախյան խնդրում առկա իրավիճակի համատեքստում, որտեղ գլխավոր խնդիրը նոր աշխարհաքաղաքական իրավիճակում տարածաշրջանի բալանսավորման նոր մոդելի ու քաղաքական ձեւաչափի մշակումն է, ինչը պահանջում է որոշակի ճկունություն, եւ որում առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի քաղաքական բալանսն ու կշիռը: Այդ իմաստով կարեւոր է, որպեսզի Հայաստանը չկրկնի ադրբեջանական խանական մոդելը:

Ինչպես է այդ խնդրին վերաբերում ինքը Սերժ Սարգսյանը, որն ասում է, թե չի հոգնել եւ իրեն լավ է զգում, բավական բարդ է ասել: Ի վերջո, չհոգնելը ամենեւին չի ենթադրում, որ Սարգսյանը գնում է վարչապետության: Այդուհանդերձ, եթե անգամ Սարգսյանն ինքն ունի մեծ ցանկություն մնալու, այդուհանդերձ այդ հանգամանքը հազիվ թե նպաստի տարածաշրջանում նոր իրավիճակի, քաղաքական, այսպես ասած, երաշխավորման արդյունավետ ընթացքին: Դրա համար նվազագույնն անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը վարչապետության մասին մտածի գոնե իշխանությունից հեռանալուց հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին