Կարևոր իրադարձություններ

Բա ի՞նչ անենք, ամբողջ տարվա չարչարանքն է. բերդավանցիները կրակոցների տակ խաղող են հավաքում

13 Հոկտեմբեր, 2015 11:33
Բա ի՞նչ անենք, ամբողջ տարվա չարչարանքն է. բերդավանցիները կրակոցների տակ խաղող են հավաքում

Ինչպես արդեն հայտնի է, երեկ ուշ երեկոյան խախտվել է հրադադարի ռեժիմը, հակառակորդը Տավուշի մարզի դիրքերի ուղղությամբ կրակահերթ է արձակել, կրակել են տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրազենից, գնդակոծվել են հայկական դիրքերը:

Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ ևս եղել են կրակոցներ հիմնականում դիրքերի ու խաղողի այգիների ուղղութայմբ, որտեղ դեռ շարունակվում է բերքահավաքը:

«Բերդավանում հիմնականում էլի այգիների ուղղությամբ են եղել կրակոցներ, որտեղ խաղողաքաղ է կատարվում, դեռ չեն վերջացրել մարդիկ: Քիչ է մնացել, բայց դեռ քաղում են, այդ այգիների ուղղությամբ են հիմնականում կրակում, բնակավայրին չեն կրակում»,-ասաց նա:

Գյուղապետի փոխանցմամբ, կրակոցները մեկ փուլով չէ, որ լինում են, օրվա տարբեր ժամերին դրանք կարող են կրկնվել: Ավելի հաճախ կրակում են ցերեկվա ժամներին, երբ այգիներում մարդիկ աշխատում են:

Այս պահին Բերդավանում կրակոցներ չկան, սակայն, գյուղապետի խոսքով, երբեք չես կարող իմանալ, թե դրանք երբ կկրնվեն:

«Մարդիկ, այսպես թե այնպես, կատարում են իրենց խաղողաքաղը: Կրակոնցերի տակ դա շարունակվում է: Խաղողի շարքերի մեջ պառկում են, մինչև կրակոցները դադարում են, մեր դիրքերը համարժեք պատասխանում են»:,-ասաց Արարատ Գաբրիելյանը:

Նշենք, որ Բերդավանում միայն երեկ չէ, որ եղել են կրակոցներ, արդեն 10-15 օր է նույն վիճակն է. «Երեկ էլ է եղել, առաջին օրն էլ, դրա առաջին օրն էլ, պարբերաբարա դրանք կրկնվում են: Օրվա մեջ մի քանի անգամ: Գյուղացիները կրակի տակ խաղողի բերք են հավաքում:  Բա ի՞նչ անենք…ամբողջ տարվա չարչարանքն է: Ամեն օր 3-4 անգամ խաղողի այգիների ուղղությամբ կրակում են, մի պահ թողում են, թաքնվում, հետո նորից դուրս գալիս, շարունակում բերքը հավաքել»:

 

Լրահոս

Դիտել ավելին