Կարևոր իրադարձություններ

Քաղաքի ծայրամասերը բարեկարգվել են, շատացել են խաղահրապարակները. Արա Գևորգյան

11 Մայիս, 2017 13:50
Քաղաքի ծայրամասերը բարեկարգվել են, շատացել են խաղահրապարակները. Արա Գևորգյան

Երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը Shabat.am-ի հետ զրույցում նշում է, որ վերջին տարիներին մայրաքաղաք Երևանում բազմաթիվ դրական է փոփոխություններ է նկատել: «Քաղաքի ծայրամասերը, երկրորդական փողոցները բարեկարգվել են, ծաղիկներ են ցանվել, տարածքներ են կանաչապատվել,  ավելացել են վերգետնյա անցումները, բակերում շատացել են խաղահրապարակները… Դրական բաներ շատ են եղել: Մնում է մենք էլ այդ ամենը պահպանենք»:

Հայտնի երաժիշտը նշում է՝ կուզենար, որ մեծ ուշադրություն դարձվեր քաղաքի ընդհանուր տեսքին, քանի որ Երևանը մեր տունն է:

«Խորհրդային տարիներին փողոցի կողմից մեր շենքերը շատ գեղեցիկ էին երևում, կուզենայի հիմա էլ այդպես լիներ, սակայն բանկիչները տարբեր գույներով են ներկում իրենց պատշգամբները՝ առանց հաշվի առնելու շենքի ընդհանուր տեսքը և դիզայնը: Ես կուզենայի, որ քաղաքապետարանը խստացներ իր դիրքորոշումը այդ բարձիթողի վիճակի նկատմամբ»,- նշում է Արա Գևորգյանը:

Մեր զրուցակցին նյարդայնացնում են խայտաբղետ տանիքները. «Ես կցանկանայի, որ կառույցների տանիքների մետաղներն արտադրողները կամ ներմուծողները դրանք ներկեին մեկ կամ առավելագույնը երկու գույնով: Երբ վերևից նայում ես Գորիսին կամ Ֆրանսիայի Լիոն քաղաքին, տեսնում ես, թե որքան գեղեցիկ են, որովհետև տանիքները մեկ գույնի են: Կարծում եմ՝ մեր հաջորդ քաղաքապետը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այս հարցին և հանձնարարի, որ և՛ տանիքների ներմուծողները, և՛ տեղում պատրաստողները մետաղը ներկեն մեկ գույնով: Համոզված եմ՝ 10 - 20 տարի անց մենք  վերևից կնայենք Երևանին և կտեսնենք, թե իսկապես ինչ գեղեցիկ քաղաք ունենք: Մենք պետք է սիրենք և մաքուր պահենք մեր Երևանը»:

Արա Գևորգյանը նշում է, որ իր համար ամենակարևորն այն է, որ Երևանի քաղաքապետը լինի գիտակ, կազմակերպված, բարեխիղճ մարդ և վայելի ժողովրդի սերը: Մարդկանց պետք է գնահատել գործով. «Լինելով ծանոթ քաղաքապետի հետ՝ ես նրա համեստությունը բարձր եմ գնահատում»:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին