Կարևոր իրադարձություններ

Հնամենի բոխու բուժիչ հատկությունները

19 Փետրվար, 2017 22:24
Հնամենի բոխու բուժիչ հատկությունները

Բոխին երկիր մոլորակի բնական պայմաններում հանդիպող հնագույն բույսերից մեկն է։ Ավելի քան մեկ միլիոն տարի առաջ այն աճել է Հարավային Ասիայում և հետզհետե տարածվել դեպի Եվրոպայի բարեխառն գոտիները։

Պատկանում է հաճարենիների կարգի, կեչազգիների ընտանիքի, տխլենիների ենթաընտանիքին։
Տեսակի լատիներեն գիտական անվանումն է` Carpinus, անգլերեն` hornebeam, ֆրանսերեն` charme, իսպաներեն`ojaranzo։ Այս անվանումների մեջ որևէ ընդհանրություն չի նկատվում։
Բոխին ունի մոտ 50 տեսակներ, դրանք հիմնականում տարածված են Ասիայի բարեխառն կլիմայական գոտիներում կամ մշակովի տեսակներ են։ Բույսը օգտագործվում է գաճաճային ծառերի բուծման արվեստում (բոնսայ), քանի որ դանդաղ է աճում և դիմացկուն է գեղարարական էտումների հանդեպ` ընդունելով ցանկալի տեսք։

Եվրոպայում տարածված ենթատեսակները երկուսն են` արևելյանը (Carpinus orientalis), նույն ինքը ղաժի, և կովկասյանը (C.caucasica)։
Կարծես թե ինչ-որ մի հեռավոր աղերս կա բոխու գերմաներեն անվանման առաջին արմատի` hagebuche=բոխի+հաճարենի և հայերեն ղաժի անվանումների մեջ։

Ղաժին 5-10, երբեմն` 15 մ բարձրությամբ ծառ է, սակայն ավելի հաճախ թփի տեսք ունի, բոխի կովկասյանը ավելի հզոր է` խիտ սաղարթով, բարձրությունը` 20-ից մինչև 30-35 մ։
Բոխու բունը անկյունավոր է, ծածկված սևամոխրագույն կեղևով, տերևները` օվալաձև-սրածայր, մուգ կանաչ, աշնանը ստանում են շատ գեղեցիկ կիտրոնադեղին գունավորում։
Արևելյանի բունը ծուռումուռ է, տրամագիծը` 20-40 սմ, կովկասյանինը` 40-60 սմ։ Առաջինի տերևների երկարությունը 2-5 սմ է, լայնությունը 1,5-3 սմ, երկրորդինը` համապատասխանաբար, մինչև 10 և 5 սմ։ Տերևակոթունները կարճ են` 1-3 սմ, կախված ենթատեսակից։
Արևելյանը ջերմասեր է, աճում է ծովի մակերևույթից մինչև 1200-1500 մ բարձրության վրա, պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է, արտակարգ լուսասեր։ Աճում է անտառների եզրին և բացատներում։ Հանդիպում է Սյունիքում և հյուսիս-արևելյան մարզերում։ Ծաղկում է ապրիլին։

Կովկասյանը ցրտադիմացկուն է, ստվերատար, խոնավասեր, պահանջկոտ հողի հանդեպ։ Բացի նշված մարզերից, աճում է նաև Նիգ-Ապարանում` բոլոր տեսակի անտառներում, ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են աշնան սկզբում։

Նշված երկու տեսակները տարածված են Հյուսիսային Կովկասում, Փոքր Ասիայում, Ղրիմում, Միջերկրական ծովի ափերին, մայրցամաքային Եվրոպայի բարեխառն գոտիների լայնատերև անտառներում։
Հյուսիսարևմտյան Իրանի և Այսրկովկասի սահմաններում տարածված է բոխի Շուշիի ենթատեսակը (C. schushaensis)։ Ոչ մեծ (10-15 մ) ծառ է, ճյուղերը մուգ կարմրադարչնագույն են, պատված կարճ աղվամազով, տերևը հիմքում սրտաձև է։ Ծաղկում է մարտ-ապրիլին։ Մեղրատու է, ծաղկափոշու և ակնամոմի հումքի մատակարար` ինչպես բոլոր այլ տեսակները։

Բոխիի, շուշիի պտուղները հասունանում են ամռանը, իսկ ղաժու պտուղները` հոկտեմբերին։
Հայաստանում հանդիպում է նաև մշակովի Հյուսիս-ամերիկյան բոխի կարոլինյանը։
Բոխի շուշիի տերևների երկարությունը 3.5-7 սմ է, լայնությունը` 2,5-4 սմ։ Այն աճում է անտառների եզրին, կախված վերընթաց գոտու կլիմայական պայմաններից` կարող է աճել ծովի մակերևույթից ավելի քան 1500 մ բարձրության վրա, ինչպես դա տեղի է ունեցել Լեռնային Թալիշի անտառներում։

Բոխին միատուն բույս է, փոշոտումը հիմնականում կատարվում է քամու միջոցով։ Ծաղիկները և տերևները բացվում են գրեթե միաժամանակ։ Երկար-էլիպսաձև, տափակ, պտուղները տեղակայված են ողկուզաձև փնջերով, պատված են կաշվենման թաղանթով, որի վրա կան կարճ աղվամազեր, և կետային գեղձիկներ, վերին մասում արտահայտվում են կողերը։ Մեկ պատյանի մեջ կան 10-30 հատ ընկուզանման սերմիկներ, դրանք շատ ամուր են։ Պտղաբերում է յուրաքանչյուր տարին, 1 կգ-ում ընդգրկվում է մինչև 35 հազար սերմ։ C. cordata ենթատեսակից սառը մամլման եղանակով յուղ են ստանում, այն ուտելի է, սննդարար։ Սերմը շատ երկար է պահպանում ծլունակությունը։

Գրականության մեջ օգտագործվում է նաև Carpinus betulus=բոխի եվրոպական=բ. կովկասյան=բ.սովորական անվանումը։ Հանդիպում է նաև C.betulus haagbeuk անվանումը (hedge, heg)։ Սրանք ոչ մեծ ծառեր են, լայնորեն կիրառվում են դեկորատիվ պարտեզագործության մեջ։ Հանդիպում են նաև անտառներում։

Դրուիդների օրացույց-գուշակարանում բոխին տեղադրված է կեչուց և հաճարենուց մոտ տասը օր առաջ` 13.06 և 11.12 բոխու վերջին օրերն են։ Ինչո՞ւ է դա այդպես։
Եթե բոխին աճում է այդպիսի պայմաններում, որ նրան չեն վնասում կենդանիները, ապա ունենում է սլացիկ, գեղեցիկ սաղարթով տեսք, ծառերը աճում են որոշակի հեռավորության վրա, և միատարր աճող անտառակը լուսավոր է։ Երբ ծառի տերևները, մատղաշ ճյուղերը և ընձյուղները ուտում և տրորում են կենդանիները, ապա բույսը առաջացնում է կողային ծիլեր, որոնց բները ժամանակի ընթացքում սերտաճում են, նաև առանձին ծառերի արմատները և նույնիսկ ճյուղերը։ Այսպիսով բույսը պահպանում է իր տեսակը` ստեղծում անանցանելի պատնեշ իրեն վնասող կենդանիների համար։ Ծառի վնասված մասերը կոշտանում են, իսկ ներսի ճյուղերը` խիտ սաղարթ կազմում։

Նույն բանը տեղի է ունենում հաճարենու անտառում։ Բոխու կյանքի տևողությունը 80-120 տարի է։ Բնափայտը բաց դեղնավուն է և շատ ամուր, դիմացկուն` հարվածային բեռնվածքների, և զգայուն` ջերմության և խոնավության տատանումների հանդեպ։ Տերևներով և մատղաշ ճյուղերով կերակրում են կենդանիներին։ Օգտագործվում է կաշվեգործության մեջ` որպես դաբաղող և ներկող նյութ։
Կեղևը պարունակում է բետուլին, ֆենոլներ, դաբաղանութ, սպիրտներ, ասկորբինաթթու, B խմբի վիտամիններ։ Տերևը հարուստ է օրգանական թթուներով և ֆլավոններով, պարունակում է նաև ինոզիտ, դաբաղանյութ, բետա-կարոտին, E, K, C վիտամիններ։ Բույսը ունի հակաօքսիդանտ, հակահելմինտային, լեղամուղ, արյունարգել հատկություն, ըստ որոշ տվյալների` տերևի թուրմը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, հատկապես լավացնում է գլխուղեղի արյան սնուցումը։

Բոխին ոգեշնչող բույս է, էներգիան օգտակար է հղի կանանց, հեռացնում է վախի զգացողությունը։
Թուրմ 1 ճ/գ տերևը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց մեկ ժամ հետո։

Հակահելմինտային. Վաղ գարնանը (մարտ-ապրիլ) առանձնացրեք մատղաշ ճյուղերի կեղևը։ Երկու հարյուր մլ տարողություն զբաղեցնող մանրացրած հումքը 30 րոպե եփեք 600 մլ եռջրում։ Չորս ժամ թրմեք ջերմապահի մեջ։ Քամեք, զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 3-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց մեկ ժամ առաջ։ Ունի լեղամուղ հատկություն։ Շարունակեք 7-14 օր։
Մաշկը սնուցող. 1 ճ/գ տերևը 15 րոպե եփեք 300 մլ եռջրում։ Քամեք։ Մաքրեք դեմքը։

 

Լրահոս

Դիտել ավելին