Կարևոր իրադարձություններ

Լրջանալու պահը. Ադրբեջանը հարձակման է անցել նաև դիվանագիտական ճամբարում. «Ժողովուրդ»

11 Փետրվար, 2017 08:40
Լրջանալու պահը. Ադրբեջանը հարձակման է անցել նաև դիվանագիտական ճամբարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը զբաղված է ներկուսակցական ճղճիմ գզվռտոցներով ու ցուցակակռվով` ԱԺ ընտրություններին ընդառաջ փորձելով անցողիկ տեղ գրավել համամասնական ընտրացուցակներում, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրում բոլոր ճակատներով անցել է գրոհի:

Արդեն մի քանի օր է` ադրբեջանական զինուժը ԼՂՀ սահմանին պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` դարձյալ կիրառելով ավելի խոշոր տրամաչափի զինատեսակներ: Արդյունքում` գրեթե ամեն օր ունենք զոհեր: Մյուս կողմից Ադրբեջանը հարձակման է անցել նաեւ դիվանագիտական ճամբարում. հարեւան երկիրն ավելի քան 700 հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին հայկական կողմից ադրբեջանական բնակավայրերին հասցված վնասների առնչությամբ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով վարչության պետ Չինգիզ Ասքերովն ասել է, թե դատարանն ընդունել է բոլոր դիմումները: Նախկինում էլ ՄԻԵԴ-ը բավարարել էր Ադրբեջանի քրդերի` Չիգարովի եւ մյուսների հայցն ընդդեմ ՀՀ-ի՝ այդպես պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին հնարավորություն ընձեռել փախստականներին վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տները, որ փախստականները լքել էին պատերազմի պատճառով: ՄԻԵԴ-ում Ադրբեջանի նման ակտիվության պատճառը պատահական չէ. այսպես հիմքեր են նախապատրաստվում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար` իբրեւ թե փախստականների իրավունքների պաշտպանության քողի տակ:

Այս իրավիճակում առաջին հերթին անելիք ունեն Հայաստանի իշխանությունները, որոնք, սակայն, զբաղված են ոչ թե ԼՂ խնդրի արժանապատիվ լուծման հարցով, այլ նախապատրաստվում են ընտրությունների կեղծմանը՝ այդպես միջազգային ասպարեզում էլի թուլացնելով Հայաստանի դիրքերը: Ավելին` ապրիլյան պատերազմի օրերին եղած անթույլատրելի դիակապտության դեպքերից եւ որեւէ մեկը չդարձավ միջազգային հանրության կողմից քննարկման առարկա իրավական հարթությունում: Դրա համար էլ դիակի ականջ ու գլուխ կտրած Ադրբեջանը իրավունքների հարթություն է մտել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին