Կարևոր իրադարձություններ

Արհեստական վիժեցում

22 Դեկտեմբեր, 2016 20:25
Արհեստական վիժեցում

Картинки по запросу Արհեստական վիժեցում

Աբորտ անելու պատճառները հիմնականում բաժանվում են երեք խմբի.
1. Երբեմն կինը չի ցանկանում, որ հղիությունը շարունակվի: Նա կարող է համոզված լինել, որ երեխային մեծացնելու համար չունի համապատասխան միջոցներ կամ հասարակության օժանդակությունը, մանավանդ եթե նա արդեն ուրիշ երեխաներ էլ ունի: Հնարավոր է հղիությունը պլանավորված չլինի, որը կարող է ընդհատել կնոջ կրթությունը կամ աշխատանքային ծրագրերը: Կինը կարող է հղիացած լինել բռնաբարության, արյունապղծության կամ մեկ այլ հարկադրված սեռական հարաբերության արդյունքում: Նա աբորտ անելու որոշում կարող է կայացնել նաև ուրիշների ճնշմամբ: Օրինակ զուգընկերը կամ ընտանիքի անդամները կարող են դեմ լինել հղիության շարունակմանը:


2. Հնարավոր է, որ հղիությունը սպառնա կնոջ առողջությանը և նույնիսկ կյանքին:


3. Բացի վերոնշյալից, կինը կարող է իր մեջ ծնող դառնալու բավական ուժ չգտնել, եթե, օրինակ պարզվի, որ իր երեխայի մոտ ենթադրվում են ժառանգական լուրջ շեղումներ, որոնց պատճառով նա կարող է մահացած կամ արատավոր ծնվել: Այս դեպքում աջակցությունն ու տեղեկատվությունը կարող են վճռական դեր խաղալ որոշում կայացնելու գործում:


Չնայած շատերն են դիմում աստվածաշնչյան տեքստերին աբորտի դեմ իրենց տեսակետները հիմնավորելու նպատակով, սակայն շատերի համար միգուցե տարօրինակ կարող է թվալ այն իրողությունը, որ Սուրբ Գրքում որևէ անմիջական, հստակ հիշատակություն չկա միտումնավոր աբորտի վերաբերյալ՝ բացառությամբ այն փաստի, որ աբորտը ծանոթ է եղել և կիրառվել է հին աշխարհում: Այնուամենայնիվ Սուրբ Գրքում կան որոշ տեքստեր, որոնք ոչ ուղղակի, միջնորդավորված են առնչվում աբորտի թեմային: Օրինակ Ելքի 21:22-25 համարներում խոսվում է պատահական վիժեցման վնասի հատուցման մասին, կամ Սաղմոս 138:13-16 համարներում մարդու աշխարհ գալը վերագրվում է Աստծուն, ինչպես նաև Երեմիայի 1:4-5 և Ղուկասի 1:39-45 համարներում խոսվում է մասնավոր անհատների մասին, որոնց Աստված ընտրել է նախքան նրանց ծնունդը: Սակայն սրանցից ոչ մեկն անմիջական կերպով չի քննարկում այն հարցերը, որոնք շոշոփվում են աբորտի ժամանակակից բանավեճերի ընթացքում:


Չնայած, որ Աստվածաշունչը հստակորեն չի խոսում աբորտի մասին, այնուամենայնիվ վերջինիս վերաբերյալ որոշակի հիշատակություններ են պահպանվել վաղ շրջանի քրիստոնեական մտածողների գրվածքներում: Հաճախակի է նշվում, որ քրիստոնեության պատմության ընթացքում եկեղեցու պաշտոնական ուսմունքը և աստվածաբանական ավանդությունները միաձայն դեմ են եղել աբորտին: Աբորտին դեմ արտահայտվելու փաստարկներից մեկն այն է, որ աբորտը, ինչպես նաև պտղի արհեստական վիժեցումներն ընդհատում են սեռական հարաբերությունների վերարտադրողական գործառույթը: Փաստարկներից մյուսն էլ շեշտում էր, որ պտղին սպանելը մարդասպանության ձև է:


Վաղ և միջնադարյան շրջանի որոշ հեղինակներ հաճախ այն տեսակետն էին պնդում, որ պտուղը հղիությունից որոշ ժամանակ հետո էր միայն հոգևորվում:
Ըստ Աքվինացու՝ եթե մեկը դեոևս չհոգևորված պտղի վիժեցման պատճառ դառնա, ապա նա պատասխանատվություն չի կրի դրա համար:


Վարդան վարդապետ Այգեկցին բարոյական մեղք է համարում պտուղ սպանելն առհասարակ՝ անկախ նրանից՝ այն հոգևորվե՞լ է, թե՞ ոչ:


Այս առիթով նա գրում է. «Եվ հազար անգամ վայ այն կնոջը, որը չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնությունը և ուրիշներին էլ խրատում նույնն անել... յուրաքանչյուր մանկան դիմաց, որի ծնունդը խափանվել է չար դեղերով, Աստված նրանցից հասուն մարդու արյուն պիտի պահանջի ահավոր ատյանում»: 
Նրա դատողության համար ելակետը որդեծնության գաղափարն է: Ըստ նրա՝ ցանկացած գործողություն կամ գաղափար, որն ուղղված կլինի որդեծնության դեմ, հավասարազոր է սպանության: Նա այստեղ համարժեք հարթության վրա է դիտում ոչ միայն նրան, ով իրեն թույլ կտա այդպիսի արարք, այլև նրան, ով կփորձի ուրիշին գայթակղել այդ մտքով:


Միայն որդեծնության դեմ ուղղված միտքն արդեն դատապարտելի է, քանի որ այն ոտնձգություն է կյանքի դեմ: Սա այլևս կասկածի ոչ մի տեղ չի թողնում աբորտի գաղափարը Հայ եկեղեցու տեսակետից դատապարտելի և անընդունելի համարելու համար:


Մինչև 19-րդ դարն աբորտներն արգելված չէին պետության կողմից , և ոչ էլ եկեղեցին էր առանձնապես ճնշումներ գործադրում: 
1803 թ. Բրիտանիան առաջինն ընդունեց հակաաբորտային օրենքներ, որոնք ժամանակի ընթացքում ավելի խստացան: ԱՄՆ-ը հետևեց դրա օրինակին, երբ առանձին նահանգներ սկսեցին արգելել աբորտը: 19-րդ դարում Կաթոլիկ եկեղեցին մերժեց այն գաղափարը, որ պտուղը հղիությունից որոշ ժամանակ հետո է հոգևորվում, և առաջ քաշեց այն տեսակետը, որ սաղմը հոգևորվում է հղիության պահից սկսած:


Վերջին վիճակագրության համաձայն ամեն տարի 26 միլիոն կին է օգտվում օրինական աբորտի իրավունքից, իսկ 20 միլիոն կին էլ աբորտի է դիմում այն երկրներում, որտեղ վերջինս օրենքով չի թույլատրվում:


Արևմտյան շատ երկրներում, հատկապես Միացյալ Նահանգներում աբորտը բավական բևեռացված քաղաքական խնդիր է դարձել աբորտի հակառակորդների և կողմնակիցների միջև: Այս քաղաքական հակասություններն արտացոլվում են քրիստոնեական եկեղեցիներում ընթացող թեժ բանավեճերի միջոցով, որոնց հիմնական նպատակն է պարզել աբորտի վերաբերյալ քրիստոնեական ավանդական տեսակետը պետք է պաշտպանե՞լ, թե՞ ոչ:


Հասարակական բանավեճը հիմնականում ընթանում է երկու կարևոր հարցերի շուրջ.
1. պտղի բարոյական կարգավիճակը, շահերն ու իրավունքները
2. մոր բարոյական կարգավիճակը, շահերն ու իրավունքները


Հասարակության երկու խմբերի միջև ծավալվող այս բանավեճը երբեմն վերաճում է կոնֆլիկտի, երբ մի կողմը պաշտպանում է պտղի կյանքի իրավունքը, իսկ մյուսը՝ կնոջ աբորտի ընտրության իրավունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին