ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ, շնորհավորում եմ ձեզ, մեզ բոլորիս և, ընդհանրապես, համայն աշխարհի հայությանը՝ մեր սիրելի մայրաքաղաքի ծննդյան 2797-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մենք ուրախությամբ կարող ենք փաստել, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր հնամենի մայրաքաղաքը աշխարհին ներկայանում է որպես կայուն զարգացման ուղով ընթացող ժամանակակից քաղաք, որը յուրաքանչյուր տարի առաջընթաց է արձանագրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:
Մայրաքաղաքի կյանքում օրեցօր տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումներն ակնհայտ են: Դրանք նոր մտահղացումներ են և մասնագիտական մտքի նոր թռիչքներ, որոնք կոնկրետանում են որպես իրականացված ծրագիր կամ միջոցառում: Դրանցից շատերը երևանցու համար դառնում են հոգեհարազատ, ապա և՝ ավանդական ու ամենամյա։
Ժամանակակից աշխարհը արագ տեմպերով է զարգանում, և մենք պե՛տք է աշխարհի արագընթաց զարգացումներին ու տեմպին զուգահեռ՝ համաչափ ու համազոր քայլենք: «Էրեբունի-Երևանն» այս տարի էլ է մեկտեղում մեզ և աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին՝ հրաշալի առիթ դառնալով է՛լ ավելի ամրապնդելու մեր կապն ու հպարտանալու կայացած մայրաքաղաքով:
«Էրեբունի-Երևանը» նաև միմյանց նկատմամբ բարությամբ, սիրով ու հարգանքով լցվելու և այդ ամենը անկեղծորեն մեր սիրելի մայրաքաղաքին փոխանցելու հրաշալի առիթ է՝ այն համոզմամբ, որ սիրով ու հոգատար վերաբերմունքով այսուհետ և՛ս շարունակելու ենք շենացնել մեր ջերմ ու բարի քաղաքը:
Կրկին շնորհավորենք միմյանց, մեկս մյուսին փոխանցենք մեր սերն ու ջերմությունը և յուրաքանչյու՛րս ասենք ՝
Շնորհավո՛ր տոնդ, իմ ջերմ ու բարի քաղաք:
Շնորհավո՛ր տոնդ, Երևա՛ն:
Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ