Կարևոր իրադարձություններ

Կնախագծվի էկոտուրիստական նոր երթուղի

10 Հոկտեմբեր, 2015 14:22
Կնախագծվի էկոտուրիստական նոր երթուղի

Հոկտեմբերի 10-ին մեկնարկել է «Էկոտուրիզմի կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման միտումները» խորագրով երիտասարդական գիտական դպրոցը, որը կազմակերպվել է «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ի կողմից։ Հասարակական կազմակերպության ղեկավար Կառլեն Խաչատրյանը, խոսելով գիտական դպրոցի մասին, նշեց, որ այն նպատակ ունի ոլորտի երիտասարդ գիտնականներին ներկայացնելու էկոտուրիզմի միջազգային փորձը, ժամանակակից միտումները։ Դպրոցը բաղկացած է երկու փուլից. առաջին՝ երևանյան փուլում մասնակիցները կծանոթանան էկոտուրիստական երթուղիների մշակման տեխնիկային, մեթոդաբանությանը։ Իսկ երկրորդ՝ գործնական փուլում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում իրականացվելու են դաշտային աշխատանքներ, և նախագծվելու է էկոտուրիստական նոր երթուղի։ Աշխատանքների արդյունքը տրամադրվելու է «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությանը։ Կառլեն Խաչատրյանը նշում է, որ զբոսաշրջության բնագավառում այսօր էկոտուրիզմը շատ արագ զարգացող և մեծ պահանջարկ վայելող ուղղություն է, այս առումով Հայաստանն աշխարհին ներկայացնելու շատ բան ունի։ Սեմինարին երիտասարդ գիտնականներին իր փորձն է փոխանցում ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գոռ Ալեքսանյանը։ Վերջինս, կարևորելով նման ծրագրերը, նշեց, որ եթե մենք դառնում ենք համաշխարհային հանրության մասնիկ ու ընդունում ենք նրա զարգացման գաղափարախոսությունը, ապա պետք է իմանանք, որ այն միտված է կայուն ապագային։ Եվ դրա հիմքերը դրվում են երիտասարդ սերնդին կրթելով։ Գոռ Ալեքսանյանը ներկայացրեց «Կայուն զբոսաշրջության կառավարման ռազմավարական ուղղությունները և լեռնային երկրներում կիրառման հնարավորությունները» թեման՝ տալով մեթոդական ցուցումներ՝ ինչպես կարելի է զբոսաշրջությունը կառավարել կայուն կերպով, և մասնավորապես, ինչպիսի հիմնախնդիրներ կան լեռնային երկրներում զբոսաշրջության կայուն զարգացումն ապահովելու համար։ Բանախոսն անդրադարձավ նաև էկոտուրիստական էքսկուրսիաների կազմակերպման տեխնոլոգիային։ Լուիզա Ավետիսյանը գիտական դպրոցի մասնակիցներից է։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ բնօգտագործման տնտեսագետ է։ Մասնակցելով գիտական դպրոցին՝ Լուիզան նպատակ ունի գիտելիքները հարստացնել նաև էկոտուրիզմի ոլորտում։ Սեմինարի ընթացքում վերլուծվեց նաև զբոսաշրջության կայուն զարգացման միջազգային փորձը, ներկայացվեց աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տուրիստական երթուղիների մշակման գործում, անդրադարձ եղավ բազմաթիվ այլ թեմաների։ Նշենք, որ գիտական դպրոցն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին